pastinfo.am Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։
Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։
Հիշեցնենք, որ դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել, և գործը վերամակագրվել էր դատավոր Սերժ Ռուշանյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդի՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Կաթողիկոսին արգելվել էր լքել ՀՀ տարածքը։
Քրեական վարույթներ էին նախաձեռնվել նաև Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանի նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։