armenpress.am ՀՀ զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ մահվան դեպքերը պետք է դիտարկել ծառայության հետ կապված և ծառայության հետ չկապված հանգամանքների համատեքստում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր դեպք առանձին վերլուծության և քննարկման առարկա է։
«Պաշտպանության նախարարությունը միակ կառույցն է, որն իր կազմում ընդգրկված անձանց ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը ևս հանրայնացնում է։ Այսինքն՝ որևէ այլ կառույց չենք գտնի, որ տվյալ կառույցի աշխատակիցը կամ ծառայողը, օրինակ, տանը հանկարծամահ լինի, ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ դառնա կամ հիվանդության հետևանքով մահանա, և այդ տվյալները տարեվերջին հանրայնացվեն»,- ասել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարիներին հրապարակված վիճակագրությունը տարբեր մանիպուլյացիաների առիթ է դարձել։
«Մամուլում հաճախ կհանդիպենք հրապարակումների, որ բանակում տարվա ընթացքում արձանագրվել է մահվան 30 դեպք, բայց որևէ մեկը չի նշում՝ այդ 30 դեպքից քանիսն են հենց բուն բանակում տեղի ունեցել, որոնք են կապված ծառայության հետ և քանիսը՝ ծառայության հետ կապված չեն։ Նույնիսկ եթե մահվան դեպքերը ծառայության հետ են կապված, արդյո՞ք դրանք բոլորը սպանություններ և ինքնասպանություններ են, թե՞ ոչ»,- նշել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Նա ընդգծել է, որ բանակում մահվան դեպքերի աճի մասին խոսակցությունները ՊՆ-ի ունեցած վիճակագրությամբ չեն հիմնավորվում։
«Եթե խոսում ենք այս տարվա հաշվետու ժամանակահատվածի մասին, ապա այս տարի ունեցել ենք մահվան 11 դեպք, որից միայն 5-ն են ժամկետային զինծառայողներ։ Ունեցել ենք մահվան դեպքեր հիվանդության հետևանքով, ականի պայթյունի հետևանքով, իսկ այս տարի տեղի ունեցած ինքնասպանությունների դեպքերի մասով պետք է նշեմ, որ դրանցից միայն 3-ն են, այսպես ասած, ծառայության հետ առնչվող հանգամանքներում տեղի ունեցել»,- ասել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերի մասով նախնական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ դրանց մի մասը կապված է անձնական և այլ պատճառների հետ, որոնք ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների հետևանքով չեն։
Թորոսյանը նշել է, որ մահվան դեպքերի վերաբերյալ տարբեր քաղաքական և հասարակական գործիչների հայտարարություններում հաճախ նշվում է, որ պատասխանատվություն պետք է ստանձնի Պաշտպանության նախարարությունը. «Քավ լիցի, մենք այդ պատասխանատվությունը կրում ենք։ Մենք պատասխանատու ենք բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում տեղի ունեցող դեպքերի համար։ Բայց նաև առկա է բոլոր ժամանակներում, բոլոր տարիներին արձանագրված դեպքերի վիճակագրությունը»,- ասել է նա։
ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ մահվան դեպքերը պետք է ավելի խորությամբ ուսումնասիրվեն և չդառնան քաղաքական շահարկումների թեմա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում