azatutyun.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Գազայի պատերազմը և տարածաշրջանային այլ հարցեր։
Էրդողանը Թրամփին կոչ է արել շարունակել Իրանի հետ բանակցությունները՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև առաջարկել է Թուրքիայի աջակցությունը խաղաղությանն ուղղված ջանքերին, հաղորդում է Reuters-ը։
«Էրդողանը նշել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության հարցում չափազանց կարևոր է առավելագույնս օգտագործել դիվանագիտական հնարավորությունները», – ասվում է Անկարայի հաղորդագրությունում։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել էր՝ Թեհրանը կարող է անցնել «լիովին հարձակողական» ռազմական դիրքորոշման։ Նրա խոսքով՝ պատերազմի վերջնական դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել, իսկ Վաշինգտոնը հրաժարվում է երկարաձգել ժամանակավոր հրադադարը։
Թուրքիան ավելի վաղ քննադատել էր Իրանի դեմ ամերիկյան և իսրայելական հարձակումները՝ միաժամանակ դատապարտելով Պարսից ծոցի երկրների ուղղությամբ Թեհրանի հարվածները։ Անկարան նաև կոչ է անում վերաբացել Հորմուզի նեղուցը, մինչդեռ նավթատարների երթևեկության վերականգնման շուրջ բանակցություններում ևս առաջընթաց չկա։