azatutyun.am Ազգային ժողովը քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանին։
Գալստյանն իր հիմնական ելույթի զգալի մասը նվիրեց Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ կոշտ քննադատելով իշխանություններին։ Նա խոսեց քաղաքական հետապնդումների, քաղբանտարկյալների, դատական համակարգի անկախության և ոստիկանության գործողությունների մասին։
«Ինձ ճանաչում են նախորդ գումարումից և քաջատեղյակ են այն ծանր գնահատականներին, որոնք հնչեցրել եմ մարդու իրավունքների համատեքստում», – հայտարարեց Գալստյանը՝ պնդելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը «ոչ մի աղերս չունի ոչ իրավական, ոչ ժողովրդավարական պետության հետ»։
Իր գնահատականները հիմնավորելու համար ընդդիմադիր պատգամավորը վկայակոչեց նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում՝ Freedom House-ի զեկույցները՝ պնդելով, որ դրանք ևս արձանագրում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները։
Դատական համակարգի անկախության մասին խոսելիս Գալստյանն անդրադարձավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործին։ Ըստ նրա՝ սա քաղաքական հակառակորդներին լռեցնելու փորձ է։ «Քաղաքական հակառակորդներին լռեցնելու, հրեշայնացնելու բացահայտ դիտավորություն, մոնտաժված հիմքեր, անմեղության կանխավարկածի ոտնահարում», – հայտարարեց նա։
Գալստյանն անդրադարձավ նաև Հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացումներին՝ իշխանություններին մեղադրելով եկեղեցու գործերին միջամտելու մեջ։ Նրա գնահատմամբ՝ պետությունն այս հարցում հակասահմանադրական կեցվածք է որդեգրել՝ փորձելով որոշել, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում