Ավելի հարմար փորձառության համար կարող եք տեղադրել մեր հավելվածը անմիջապես ձեր բրաուզերից։
Օգոստոսի 8-ին Հրազդանի մոտակայքում բացվեց Firebird AI տվյալների կենտրոնը։ Firebird AI-ն այս պահին ունի 6000 GPU (graphic processing unit․ համակարգչի այն մասն է, որը մաթեմատիկական բարդ հաշվարկներն արագ կատարելու համար է), երկրորդում կունենա 41 000։ Այս հաշվողական ռեսուրսները ամպային (cloud) վարձակալությամբ տրամադրվում են տեխնոլոգիական ընկերություններին։
Ընկերության ներդրումներն այս պահին կազմում են 500 մլն դոլար, և հայտարարվել է, որ կենտրոնի գործարկման երկորդ փուլում ևս 4 մլրդ դոլարի ներդրում կիրականացվի։
Firebird AI-ի և Հայաստանի կառավարության միջև կնքված պայմանագրով Հայաստանը մոտ 25 միլիոն դոլարով ձեռք է բերելու հաշվողական ռեսուրսներ, որոնք տրամադրվելու են հայկական տարբեր հետազոտական կառույցների ու ստարտափների: Կենտրոնական բանկը հայտարարել է, որ հայկական 6 բանկեր վարկ կտրամացրեն Firebird-ին։ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերը տնօրինող երկու կազմակերպություններ (C-Quadrat Ampega-ն և Amudi acba-ն) ևս հայտարարել են կենտրոնին կենսաթոշակային ֆոնդերից վարկեր տրամադրելու մասին։
Firebird AI-ի գործունեության, Հայաստանի համար ակնկալվող տնտեսական և տեխնոլոգիական հնարավորությունների, Հայաստանի էներգետիկ ռեսուրսների սպառման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության շուրջ մտահոգությունների մասին «Ինֆոքոմը» զրուցել է Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ։
– Պարո՛ն Եսայան, մի քանի օր օր առաջ տեղի ունեցավ Firebird AI-ի բացումը։ Կենտրոնի հաշվողական ռեսուրսներն արդեն շահագործվո՞ւմ են։
– Արդեն տրամադրված է մեր հաճախորդներին, և թեստավորում են իրականացնում հաճախորդները, կարելի է ասել՝ արդեն հաշվողական ռեսուրսները օգտագործվում են։
– Քանի՞ ընկերություն է այս պահին հաշվողական ռեսուրսներից օգտվում, և արդյո՞ք բոլորն արտասահմանյան ընկերություններ են։
– Բոլորն արտասահմանյան ընկերություններ են՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ 25 միլիոն դոլարի պայմանագրի, որը մեր հաշվողական ռեսուրսների գրեթե 3%-ն է կազմում, ինչպես նաև Firebird Labs-ը, որի գործարկման մասին հայտարարել ենք, և որով հայկական ստարտափներին, համալսարաններին հաշվողական ռեսուրսներ ենք տրամադրելու։
– Նրանք գնելո՞ւ են այդ հաշվողական ռեսուրսները։
– Ո՛չ, Firebird Labs-ի շրջանակներում մենք իրականացրինք արդեն մի հաքաթոն, և նաև հնարավոր է՝ ներդրումների տեսքով աջակցենք։
– Արդեն աչքի տակ ունե՞ք ստարտափներ, որոնք կօգտվեն հաշվողական ռեսուրսներից։
– Այս պահին դեռ ոչ, հենց Firebird Labs-ը գործարկվի, կունենանք հանձնաժողով, որն այդ հարցերը կդիտարկի։
– Նշեցիք կառավարության հետ համագործակցության մասին, որի շրջանակում Հայաստանի համալսարանները, հետազոտական կառույցները կօգտագործեն ձեր հաշվողական ռեսուրսները։ Այս համագործակցությունն ընդլայնվելու հնարավորություն ունի՞։
– Այս պահին՝ ոչ։ Մեր բոլոր ռեսուրսներն արդեն վաճառված են։
– Բացի նրանից, որ դուք հաշվողական ռեսուրսներ եք տրամադրելու տեխնոլոգիական ընկերություններին, այստեղ նաև մոդելների ուսուցում է իրականացվելու։ Այդ ուսուցման նպատակով Հայաստանում մարդկային ռեսուրս ներգրավվելո՞ւ է։
– Ո՛չ, մենք տրամադրում ենք հաշվողական ռեսուրսներ, և թե այդ ընկերություններն ինչպես են օգտագործում, իրենց որոշելիքն է։ Հիմնականում երկու ուղղությամբ է օգտագործվում, առաջինը՝ ուսուցման, երկրորդը` ինֆերենսի։ Մոդելների մշակումը model training (մոդելների ուսուցանում,- խմբ․) է կոչվում, իսկ երբ, օրինակ, ChatGPT-ն օգտագործելիս հարց եք տալիս, պատասխանելու գործընթացը կոչվում է ինֆերենս։
– Խոսենք այն մասին, թե Հայաստանի համար կենտրոնը տեխնոլոգիական ինչ հնարավորություններ կտա։ Բացի այդ՝ քանի որ մայր ընկերությունը գրանցված է Միացյալ Նահանգներում, Հայաստանը հարկային ի՞նչ եկամուտներ կարող է ակնկալել։
– Մայր ընկերությունն է ԱՄՆ-ում գրանցված, իսկ հայկական Firebird AI ընկերությունը հենց Հայաստանում է գրանցված, և բոլոր պայմանագրերը կնքված են հենց հայկական ընկերության միջոցով, տվյալների կենտրոնը նույնպես պատկանում է հայկական ընկերությանը։
– Այդ թվում արտասահմանյան պայմանագրե՞րը։
– Այո՛, դա նշանակում է, որ թե՛ շրջանառությունը, թե՛ ծառայությունների մատուցումը կատարվելու է հայկական ընկերությունում, այսինքն` տնտեսական էֆեկտը ամբողջությամբ հենց Հայաստանում է երևալու։
– Իսկ բացի ընկերության հենց բուն գործունեությունից՝ Հայաստանի տնտեսության համար մուլտիպլիկատիվ ի՞նչ էֆեկտներ եք տեսնում։
– Առաջինը կարող ենք խոսել PR-ի տեսանկյունից․ Հայաստանն արդեն իսկ, ինձ թվում է, համաշխարհային IT քարտեզի վրա է հայտնվել՝ այս դատա կենտրոնի մասին միայն հայտարարելով։ Կառուցումից հետո՝ էլ ավելի։ Ինչպես տեսաք, մեր Ջենսեն Հուանգը (NVIDIA ընկերության հիմնադիրը,- խմբ․) տեսաուղերձ ուղարկեց։ Բացի դրանից՝ NVIDIA-ն մեծ blog post գրեց Հայաստանի մասին, նշվեցին նաև մեր ծրագրերը Ղազախստանում։ Դրանից բացի՝ Մայքլ Դելլը (Dell ընկերության գործադիր տնօրենը ,- խմբ․) «Լինկդինում» շնորհավորական խոսք գրեց, և հարյուրավոր, եթե ոչ հազարավոր թե՛ միջազգային, թե՛ հայկական IT մասնագետներ, ղեկավարներ տարածեցին նորությունը։
Ինքնին արդեն Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական երկիր, ուրիշ կատեգորիա անցավ, եթե կարելի է ասել այդպես։ Առաջինը` հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ շատ բարձրացել է, և երկրորդ՝ մարդիկ տեսնում են, որ Հայաստանում կան մասնագետներ, որ կարողանում են նման գործարան ստեղծել։
Նաև մենք կարողացանք մեր բոլոր հաճախորդներին ցույց տալ, որ Հայաստանն ունի դիվերսիֆիկացված կապուղիներ և կարող է մատուցել բարձրագույն որակի ծառայություններ այստեղից։ Եվ իհարկե հարկերն ու շրջանառությունը, որ գործարանը ստեղծելու է․ առաջինը՝ 500 միլիոնի ներդրմամբ, երկրորդը՝ այն բոլոր պայմանագրերը, որ կնքել ենք։ Իհարկե, հարկային բոլոր վճարումները կատարվում են հենց հայկական ընկերությունից, այսինքն` Հայաստանում։
– Իսկ հնարավորություն տեսնու՞մ եք, որ տեխնոլոգիական ընկերությունները, որոնք արդեն ձեր ծառայություններից օգտվում են և արդեն «գիտեն Հայաստանի տեղը», Հայաստանում կարող են որևէ ներգրավվածություն ունենալ, օրինակ` ներդնումներ իրականացնել հայկական ստարտափներում։
– Իհարկե։ Հենց PR-ը, որի մասին ասում էի, մարդկանց մոտ Հայաստանում տեղ է բացել, ինչը, կարծում եմ միանշանակ իր օգուտն է ցույց տալու։
– Նշեցիք 1-ին փուլի նախնական ներդրումների մասին։ Դա ներառում է նաև Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերից և բանկերի կողմից իրականացվող ներդրումնե՞րը։
– Կենսաթոշակային ֆոնդերը և բանկերը ներդրում չեն իրականացրել Firebird-ում, այլ վարկ են տրամադրել։ Ներդրումը կապիտալն է, որն արտասահմանից է, իսկ վարկը վերադարձվող գումար է։ Պատկերացրեք՝ բանկերը միասին 360 միլիոն դոլարի վարկ են հատկացրել, և այդ վարկը հետ է վճարվելու արտասահմանի մեր հաճախորդներից ստացված գումարով։ Այսինքն՝ Հայաստան ոչ թե 500 միլիոն դոլար է ներհոսելու, այլ ավելի, որպեսզի նաև բանկերին տոկոսները վճարենք։ Այսինքն՝ տնտեսական օգուտ լինելու է ոչ միայն հարկային, այլ նաև ֆինանսաբանկային։
– Firebird-ում 100 աշխատատեղի մասին է հայտարարվել։ Սա լինելու է միայն տեխնիկակա՞ն անձնակազմ, թե՞ այստեղ նաև հետազոտություն իրականացնող աշխատակիցների կարիք եք ունենալու։
– Հիմնականում լինելու է սպասարկման ուղղությամբ։ Բացի այդ՝ միայն գործարանի կառուցման ընթացքում գուցե 2000-ից ավելի աշխատատեղ ենք մենք ստեղծել։ Էլ չեմ ասում 2-րդ փուլը, որը 10 անգամ ավելի մեծ է լինելու, և ինչքան աշխատատեղ կլինի կառուցման փուլում ու հետագայում՝ նաև սպասարկման ոլորտում։ Կարծում եմ՝ աշխատողների քանակը 100-ից ավելի է լինելու՝ մոտավորապես 150-200 աշխատատեղ։
– Սպասարկող անձնակազմի մասով խնդիրներ ունեցե՞լ եք, թե՞ Հայաստանում հնարավոր եղել է գտնել մասնագետներ։
– Հիմնականում գտել ենք։
– Իսկ հետագայում հետազոտական ուղղությամբ մասնագիտացած աշխատուժ ներգրավելու նպատակներ ունե՞ք։
– Firebird Labs-ի շրջանակում համագործակցությունը մենք ուզում ենք իրականացնել ոչ թե հենց Firebird-ով, այլ համալսարանների, ստարտափների միջոցով, որոնց տրամադրելու ենք հաշվողական ռեսուրսներ, և որոնք հնարավորություն կունենան Հայաստանում կատարել հետազոտություններ։
– Ներդրումների մասով ևս մի կարևոր հարց․ 1-ին փուլի ներդրումներն իրականացվել են, հետագայում ևս 4 միլիարդի ներդրումների մասին է հայտարարվել։ Սրանք արդյո՞ք երաշխավորված ներդրումներ են, կա՞ վտանգ, որ խոստացված ծավալով չիրականացվեն։
– Կարծում եմ` 4 միլիարդից ավելի են լինելու։ Այս պահին կոնկրետ թիվը չհնչեցնեմ, շուտով կհայտարարենք դրա մասին, հիմա վերջնական բանակցությունների մեջ ենք։
Այս աշխարհում երաշխավորված ոչինչ չկա, բայց մենք արդեն հայտարարում ենք 4 միլիարդի մասին և ունենք բոլոր հիմքերը, որպեսզի հավաստիացնենք, որ այդ ներդրումը տեղի է ունենալու, ինչքան էլ որ դա անհավանական է հնչում իր ծավալների առումով, քանի որ կարծում եմ՝ երբ 2-րդ փուլն իրականացնենք, Հայաստանի պատմության մեջ կլինի երևի ամենախոշոր ներդրումը։
– Մոտավոր ժամկետներ կարո՞ղ եք նշել։
– Մեր պլանն այն է, որ մենք հաջորդ տարի՝ այս ժամանակ, կարողանանք այստեղ նստած զրուցել ու Ձեզ ցույց տալ մեր երկրորդ փուլը։
– Մենք կսպասենք այդ հարցազրույցին։ Անցնելով ավելի մտահոգիչ թեմաներին․ տվյալային կենտրոնի հովացման համակարգի մասին շատ խոսվեց։ Հովացման համակարգում Հայաստանի ջրային ռեսուրսներն օգտագործվելո՞ւ են։
– Շատ լավ է, որ հիմա Դուք Ինքներդ այստեղ եք գտնվում (ցույց է տալիս գործարանի տարածքը,- խմբ․)։ Եթե նայեք, այստեղ ընդհանրապես ջրագիծ մինչև այս պահը չենք անցկացրել, այսինքն ուղղակի ջուր չունենք, որ օգտագործենք։ Լվացարաններում օգտագործման ջուրն անգամ մենք բերում ենք մեքենայով։ Հիմա ջրագիծ ենք անցկացնում, բայց գրասենյակարին տարածքների ջրօգտագործման համար։
Ինչպես տեսնում եք, հովացումը կատարվում է գլիկոլով, որը ներմուծվել է, եթե չեմ սխալվում, Շվեդիայից կամ Գերմանիայից, և գլիկոլը օգտագործվում է փակ ցիկլով, այսինքն` համակարգը փակ է, մի անգամ լցվում է, անընդհատ գնում, տաքանում, հետ գալիս, chiller-ում (սառեցնող սարք,- խմբ․) սառում ու պտտվում։
– Բայց գլիկոլը որոշ ժամանակ անց պետք է դուրս հանել ու նորը լցնել հովացման համակարգի մեջ։
– Դրա օգտագործման մոտավոր ժամկետը 6-7 տարի է, հետո ևս գլիկոլը պիտի ներմուծենք արտասահմանից։
– Իսկ ընթացքում ինչ֊որ արտահոսքի վտանգ չկա՞։
– Գլիկոլը վնասակար նյութ չէ ինքն իրենով, բայց ոչ, [արտահոսքի վտանգ], իհարկե, չկա․ արտահոսքը կնշանակի, որ ընդհանուր համակարգը կանգնել է։
– Իսկ թորած ջուրն ի՞նչ նպատակով է օգտագործվելու հովացման համակարգում։
– Թորած ջուրը մի անգամ լվացման համար է գտագործվել․ երբ համակարգը հավաքում են, թորած ջրով լվանում են պարզապես, և խոսքը 10 մեքենա ջրի մասին է։
– Գործարանի շահագործման ընթացքում հովացման համակարգից արտանետումներ չե՞ն լինելու։
– Բացարձակ։ Մեր տեխնիկական սարքավորումների մոդելներն աշխատում են, ինչպես տանը տեղադրված օդափոխիչը․ լրիվ նույն բանն է, պարզապես ավելի մեծ ծավալով։
Թեքսասում կամ այլ քաղաքներում, որտեղ բնակչությունը էկոլոգիական մեծ արշավ է սկսել դատա կենտրոնների մասով, ամռանն ամենաբարձր ջերմաստիճանը 42-47 աստիճան է։ Մենք ինչո՞ւ ենք այս կետն ընտրել գործարան կառուցելու համար․ վերջին 50 տարվա ընթացքում Հրազդանում ամենաբարձր ջերմաստիճանը, որ գրանցվել է ամռանը, մոտ 36.5 աստիճան է։ Ի՞նչ է դա նշանակում․ եթե ունես դատա կենտրոն, որը պետք է հովացնես, կան հովացման 2 տեսակի մոդելներ։ Առաջինն այն է, ինչ մենք են տեղադրել։ Երկրորդ մոդելի դեպքում, երբ ամռանը [ջերմաստիճանը] 45 աստիճանից բարձր է, ինչ-որ շրջան՝ օրինակ մի ամիս, պարզապես փակ ցիկլով չես հասցնում համակարգը հովացնել, հովացման համար պետք է մեծ ծավալով ջուր ցողես ռադիատորների վրա (vaporization է կոչվում), որպեսզի [համակարգը] կարողանա ավելի արագ հովացում կատարել շոգ եղանակին։
– Հրազդանում Դուք այդ ռիսկը չե՞ք տեսնում։
– Ռիսկը, ո՛չ, Հրազդանում չկա։ Համակարգը, որ տեղադրել ենք, այդ ֆունկցիան չունի․ եթե ուզենանք դրան ջուր միացնել, պիտի ուրիշ մոդել գնենք՝ այն, ինչ որ գնում են ԱՄՆ-ում, Սաուդյան Արաբիայում կամ Դուբայում, որովհետև [այնտեղ] շոգ է։ Այստեղ, քանի որ շոգ չէ, մենք հովացման համար, բացի հոսանքից, հավելյալ ռեսուրսի կարիք չունենք ու այս մոդելներում դրա հնարավորությունն էլ չունենք։
– Իսկ ուսումնասիրություններ իրականացրե՞լ եք աղմուկի մասով։
– Աղմուկը այսքանն է (զրույցի ընթացքում լսվում է հովացման համակարգի աշխատանքի ձայնը,- խմբ․)։ Մյուս պատճառը, որ ընտրել ենք այս տարածքը, այն է, որ բնակավայրերից շատ հեռու է, այս աղմուկն այնտեղ չի հասնում։
Հիմնականում [տվյալային կենտրոնները] բնակավայերին մոտիկ են կառուցում, որովհետև հոսանքի ինֆրաստրուկտուրան պատրաստի կա։ Մենք հոսանքի ինֆրաստրուկտուրան կառուցել ենք, հասցրել այստեղ ու հատուկ հեռու ենք ընտրել, որ բնակչությանը չխանգարենք։
– Իսկ հաշվարկե՞լ թե, թե շրջապատի կենդանական աշխարհի վրա աղմուկն ինչ ազդեցություն կարող է ունենալ։
– Այստեղ նաև կատարել ենք ուսումնասիրություն․ այս տարածքում եղել են այգիներ, մարդիկ մշակել են տարածքը, այսինքն` բնապահպանական տեսանկյունից կենդանական աշխարհի մասով որևիցե բան չկար այստեղ։
– Այս տարածքում նաև ծառեր տնկելու հանձնառություն եք վերցրել։ Ծառատունկն ի՞նչ ժամկետներում է իրականացվելու։
– Այո՛, բայց այստեղ ծառեր չեն եղել, դա ֆիքսենք․ մենք ծառ չենք կտրել։ Սոցիալական պատասխանատվության տեսանկյունից մենք ունենք մեծ ծրագրեր թե՛ Հրազդանի համար, թե՛ Հայաստանի համար, որոնք մանրամասն կներկայացնենք։ Մենք այնպես ենք անելու, որ մեր աշխատած գումարները նաև ծառայեն Հայաստանի Հանրապետությանը։
– Մի կարևոր մտահոգություն էլ կա՝ էներգետիկ ռեսուրսները, որոնց կարիքը գործարանի աշխատանքի ծավալների մեծացմամբ գնալով ավելի շատ է զգացվելու։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը՝ Մխիթար Հայրապետյանը, նշել էր, որ այս պահին Հայաստանում կա էներգետիկ ռեսուրսների ավելցուկ, որը կօգտագործվի առաջին փուլում։ Նշել էիք նաև, որ հեռագայում էներգիայի այլընտրանքային աղբյուրներից եք օգտվելու՝ օրինակ, արևային։ Բայց դա այդքան էլ կայուն չէ, քանի որ կախված է եղանակային պայմաններից, գիշերային ու ցերեկային ժամերից և այլն։ Ինչպե՞ս եք փորձելու բավարար էներգետիկ ռեսուրսներ ապահովել, որ գործարանն անխափան աշխատի։
– Հիմա միջազգային մասնագետների ենք վարձել, որոնք կատարում են Հայաստանի էներգետիկայի ուսումնասիրություն։ Խորհրդային Միության շրջանում՝ 80-ականների վերջերին, Հայաստանը ունեցել է 3.6 գեգավատ հոսանքի արտադրություն ու նաև համապատասխան սպառում։ Այսօր Հայաստանի արտադրությունը 1.3 գեգավատ է, այսինքն՝ գրեթե 3 անգամ ավելի քիչ է մեր արտադրությունն ու սպառումը, քան այն, ինչ որ ունեցել ենք։ Իսկ մեր էներգոհամակարգը կառուցված է եղել այդ 3.6 գեգավատի շուրջ՝ սկսած Հրազդանի ջէկից, վերջացրած մյուս բոլոր կայաններով։ Նաև ավելացել են մոտ 800 մեգավատի արևային կայաններ։
Եթե հիմա ասեմ, որ մի տարբերակով ենք այդ հարցը լուծելու, սխալ կլինի․ դա համապարփակ լուծում է լինելու՝ սկսած BESS (Battery Energy Storage System – մարտկոցի էներգիայի կուտակման համակարգ,- խմբ․) համակարգի կառուցումից, որի շրջանակում Եվրամիության հետ համագործակցության հուշաgիր կնքեցինք: Մեկ գեգավատի մարտկոցների մասին է խոսքը
Հայաստանը արևային էներգետիայի շատ էֆեկտիվ արտադրություն ունի, մոտ 60%-ով ավելի էֆեկտիվ է, քան Եվրոպայում է, դիրքի, արևի և ամպերի տարվա միջինով։ Ու BESS համակարգը կծառայի այդ էներգիան կուտակելուն և երեկոյան մեզ հանձնելուն։
– Նաև ձմռա՞ն շրջանում։
– Նաև, իհարկե։ Բայց հաշվարկների կարիք կա, և լուծումները մի քանիսն են լինելու՝ թե՛ եղած էներգոհամակարգի արդիականացում, թե ՛ BESS համակարգի ավելացում, ու դրանց համապարփակեցման ընթացքում արդեն կստանանք այն հոսանքը, որը մեզ հարկավոր է։
Այն խոսույթը կամ մտավախությունը, որ հոսանքի պակասորդ կլինի․․․ Չի կարող պակասորդ լինել, որովհետև Firebird-ը չի կարող այստեղ սկսել գործարան կառուցել, 4 միլիարդի ներդրում անել առանց հոսանքի։
– Եվս մի մտահոգություն է հնչել․ հաշվի առնելով, որ ներդրումները հիմնականում Միացյալ Նահանգներից են կատարվում, GPU-ներն են այնտեղից ներկրվում, Դուք վտանգ տեսնու՞մ եք, որ տեխնոլոգիական կախվածությունը կոնկրետ մի երկրից՝ այս դեպքում՝ ԱՄՆ-ից, մեծ կլինի։
– Այսօր ԱՄՆ-ն դոմինանտ է աշխարհում, ԱԲ չիպերի 95%-ը նրանք են [արտադրում]․ դոմինանտության հարցն ապրիորի այդպես է․ մտավախություն ունես թե չունես, այսօր աշխարհում լիդերն ԱՄՆ-ն է այդ հարցում։ Հիմա մենք դրանից կա՛մ կարող ենք օգտվել, կա՛մ կարող ենք չօգտվել։
– Շնորհակալ եմ, պարո՛ն Եսայան։
– Ես եմ շնորհակալ։
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի