Արդեն մթերվել է 4700 տոննա լոլիկ. Գևորգ Պապոյան

Արդեն մթերվել է 4700 տոննա լոլիկ. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր այցելել է «Արտաշատի պահածոների գործարան»՝ լոլիկի մթերման գործընթացին տեղում հետևելու նպատակով։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Գործարանի գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել արտադրական աշխատանքների ընթացքին, հետևել մթերման գործընթացին։

Ընկերությունից նախարարին հավաստիացրել են, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։ Մթերման գինը սահմանվել է 40-80 դրամ։

«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու։ Մենք շարունակելու ենք ամենօրյա ռեժիմով հետևել մթերումների ընթացքին», -նշել է նախարար Գևորգ Պապոյանը։

Ընթացիկ տարվա օգոստոսի 3-ից հանրապետությունում մեկնարկել է լոլիկի մթերումների գործընթացը։ Արդեն իսկ մթերվել է 4700 տոննա լոլիկ, որից ամենամեծ ծավալը՝ 1800 տոննան, մթերվել է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։

«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն սննդի արդյունաբերության ոլորտում Հայաստանի խոշոր ընկերություններից է։ Այն անդադար զարգացող ու ընդլայնվող ընկերություն է՝ այսօր արդեն տարեկան 40 միլիոն պահածո արտադրելու հնարավորությամբ և տարեցտարի ավելացող արտադրական ծավալներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն