hetq.am Վերաքննիչ դատարանը որոշեց անփոփոխ թողնել 33-ամյա Ելիզավետա Դանիելչևայի դատավճիռը, որով նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման և վերջնական պատիժ էր նշանակվել 4 տարի 8 ամիս ժամկետով։ Ելիզավետա Դանիելչևան մեղադրվում է թմրանյութերի օգտագործման և իրացման մեջ։
2023 թվականի հունիսի 24-ին ոստիկանությունը ներխուժել էր Երևանում գտնվող «Բան» ակումբ և բերման էր ենթարկել 27 հոգու։ Դեպքից հետո իրավապաշտպանները ահազանգել էին, որ ոստիկանները ծեծել, հայհոյել և արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ էին իրականացրել ակումբի այցելուների նկատմամբ։
Ոստիկանությունն ակումբից թմրանյութեր էր գտել, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 27 բերման ենթարկվածներից Դանիելչևան միակ մեղադրյալն էր։ Ելիզավետայի ամուսինը՝ Նիկիտա Մաքսիմենկոն, «Հետքին» հայտնել էր, որ մեղադրող կողմը փորձում է ակումբում գտած բոլոր թմրանյութերը մեղսագրել Ելիզավետային և, առանց որևէ ապացույցի, պնդում է, որ Ելիզավետան զբաղվել է թմրանյութերի իրացմամբ։
Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ելիզավետան ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.95 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և զգալի չափերով՝ 5․3 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնցից 0.48 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է Դանիելչևայի անձնական խուզարկությամբ, իսկ 1․47 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը և 5․3 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ «Բան» ակումբից։
Ելիզավետան պնդում է, որ ակումբից հայտնաբերված թմրանյութերի հետ ինքը կապ չունի և թմրանյութ չի իրացրել։ Իրեն պատկանել է միայն անձնական խուզարկությամբ հայտնաբերված 0.48 գրամ քաշով «Մեթամֆետամինը», որն իր անձնական օգտագործման համար է եղել։
Նրա նկատմամբ այժմ կիրառված է «վարչական հսկողություն» խափանման միջոցը՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Մինչ այդ, մոտ 1 տարի 3 ամիս նա եղել է կալանքի և տնային կալանքի տակ։ Առաջին ատյանի դատարանը նրա պատժին հաշվակցել է այդ ժամանակահատվածը, և վերջնական պատիժ է նշանակել 4 տարի 8 ամիս ժամկետով։
Այսօրվա դատական նիստին եզրափակիչ ելույթներ ունեցան հանրային մեղադրողը և պաշտպանական կողմը։ Դատարանի կազմում էին դատավորներ Լուսինե Հովհաննիսյանը, Ռոբերտ Պապոյանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի։ Գործով նոր դատախազ էր նշանակվել Արթուր Մուսոյանը, որը վերջին դատական նիստին առաջին անգամ մասնակցեց որպես դատախազ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում