Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք չորրորդ հանրապետություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք չորրորդ հանրապետություն. Նիկոլ Փաշինյան

Ընտրությունների արդյունքներով մենք կարող ենք արձանագրել, որ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը ՀՀ-ում պաշտոնական գաղափարախոսություն է, որով առաջնորդվում է ՀՀ-ն:

Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ զեկուցելով ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծը:

«Սրանից բխում է հաջորդ արձանագրումը, որը ֆիքսված է նաև Կառավարության ծրագրի նախագծում, որ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք չորրորդ հանրապետություն»,- ասաց Փաշինյանը:

Նա մանրամասնեց՝ պատասխանելով հարցին, թե ինչով է տարբերվում երրորդ հանրապետությունը չորրորդ հանրապետությունից. «Տարբերությունը առանցքային հետևյալն է, որ ըստ էության երրորդյ հանրապետությունը ստեղծվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանությամբ, չորրորդ հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ: Այստեղ միայն հակամարտության և խաղաղության տարբերությունների մեջ չէ խնդիրը, այլ պետության ֆունկցիոնալ նշանակության»:

Փաշինյանի խոսքով՝ երրորդ հանրապետությունը 1990 թվականին իր հչակումով արձանագրել է, որ պետության նպատակը պատմական արդարության վերականգնումն է. «Ըստ էության այս հայեցակարգից է բխել նաև Ղարաբաղյան շարժումը, և Ղարաբաղյան շարժումը այդ հայեցակարգի գործնական իրագործման ուղղություններից մեկն է եղել»:

Խոսելով 2021թ. Խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ Փաշինյանը նշեց, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մուտք է գործել ՔՊ/դաշնակցական գաղափարախոսությամբ. «Մենք մեր նախընտրական ծրագրի մեջ գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին և այլն, և այլն: Երրորդ հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ, բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ էական և կարևոր մի բան՝ ՀՀ քաղաքացիները, այն մարդիկ, հանրության այն հատվածը, ում ես ընկալում եմ որպես ՀՀ սնուցող մայրեր, մեզ և կոնկրետ ինձ ըստ էության պարտադրել են վարանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը, հայացքը և հայեցակարգը»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախընտրական քարոզչության ընթացքը նոր բովանդակություն է բերել և ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման հնարավորություն բացելն է:

«Նախորդ ծրագիրը հիբրիդային ծրագիր է եղել. մի կողմից ունեցել է նոր բովանդակությունը, որ եղել է խաղաղության օրակարգը, մյուս կողմից՝ հին բովանդակությունն է նաև տեղ գտել այդտեղ:

Կառավարության [նոր] ծրագիրը ամբողջությամբ հիմնված է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության և չորրորդ հանրապետության տեսլականի վրա, և սա է այն առանցքային, գաղափարական փոփոխությունը կամ վերափոխումը, որ տեղի է ունենում Կառավարության ծրագրում»,- նշեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն