armenpress.am Հայաստանի կառավարությունը վարելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն, որը ցույց է տվել իր արդյունավետությունը՝ թույլ տալով կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։
Այդ մասին ասված է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագրում, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը որդեգրվում է որպես ռազմավարություն, որի առանցքային խնդիրն արտաքին հարաբերությունների անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը։ Արտաքին քաղաքական օրակարգը ներառում է նաև միջազգային առևտրի և տնտեսական կապերի զարգացումը, արտահանման ծավալների մեծացումը։
Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջայնացումը, որի նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունի կարևոր նշանակություն։
Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացում և սահմանազատման գործընթաց
Խաղաղության ինստիտուցիոնալացման և ամրապնդման նպատակով Կառավարությունը շարունակելու է աշխատանքը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու, Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակելու, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների, գործարար համայնքների միջև շփումները և երկկողմ առևտուրը ակտիվացնելու ուղղությամբ:
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղում
Աշխատանքներ են տարվելու Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները հաստատելու, Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու և առնվազն 2 արդիական անցակետ գործարկելու, տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները վերագործարկելու և ընդլայնելու, երկկողմ և բազմակողմ առևտուրը խթանելու ուղղությամբ:
Իրանի հետ ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների խորացում
Իրանի հետ ակտիվ քաղաքական երկխոսության պահպանումը, առևտրատնտեսական կապերի ընդլայնումը երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունների թվում են: Շարունակվելու են Իրանի հետ էներգետիկ համագործակցության խորացումը, սահմանային ենթակառուցվածքների զարգացումը և Իրանի միջոցով հաղորդակցային ուղղությունների ընդլայնումը (Հյուսիս-հարավ, Պարսից ծոց–Սև ծով):
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում