Ճամբարակ-Վահան ճանապարհին օգոստոսի 19-ին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ տանող ավտոճանապարհին քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։