Առավելագույնը՝ 26 աշակերտ. ի՞նչ է նախատեսում նոր որոշումը

Եթե Ձեր երեխան 2027 թվականին առաջին դասարան է գնալու, ապա նրա դասարանը կլինի առաջիններից, որի դասարանի վրա կազդի դասարանների կազմակերպման նոր կարգը։ Իսկ եթե Ձեր երեխան սովորում է փոքր (17-ից քիչ աշակերտով) դասարանում, ապա, հնարավոր է՝ միանա իրենից մեկ տարով մեծ կամ փոքր դասարանին։ 

2026 թվականի նոր որոշմամբ՝ Կառավարությունը հաստատել է դասարանների կազմակերպան նոր կարգը։ 

«Ինֆոքոմ»-ն ուսումնասիրել է՝ ինչպես են կազմակերպվելու դասարանները, ի՞նչ թվաքանակով և ով է իրականացնելու այդ գործընթացը։

Երևանի «Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցում», ըստ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի», սովորում է 255 հոգի։ Դպրոցի երկրորդ դասարանում կա 26 աշակերտ՝ ճիշտ այնքան, որքան 2027 թվականից պետք է լինի դասարաններում սովորողների թիվը։

Կառավարության 2026թ․-ի հունիսի 11-ի 821-Ն որոշումը սահմանել է, որ դասարաններում առավելագույնը պետք է սովորի 26 աշակերտ՝ նախկին 35-ի փոխարեն։ 

Դասարանների փոքրացմամբ պայմանավորված կարող են առաջանալ կադրային և շենքային խնդիրներ․ այս դեպքում դպրոցը կարող է դասերը կազմակերպել երկու հերթով։

Նախարարությունից հայտնում են, որ որոշումը բխում է «առկա ռեսուրսային և կառուցվածքային խնդիրներից, ֆիզիկական միջավայրից և ուսումնական տարածքների գերբեռնվածությունից»։ 

Դրա համար էլ առաջարկվում է դասարանները կազմակերպել փուլային եղանակով։

Այսինքն, եթե Ձեր երեխան հիմա սովորում է 2-րդ դասարանում ու ունի 30 համադասարանցի, ապա կշարունակի սովորել նրանց հետ, իսկ եթե մյուս տարի է գնալու առաջին դասարան, արդեն կունենա առավելագույնը 25 համադասարանցի։

Պահպանվել է մի քանի դասարաններ իրար միացնելու գործընթացը։ Նախքան 26-հոգանոց դասարանների ստեղծումը, եթե մեկ դասարանում սովորում է 17-ից պակաս հոգի (աշակերտների առավելագույն թվի կեսը), ապա այն կարող է միանալ այլ՝ իրար հաջորդող առավելագույնը երեք դասարանների։ Նմանատիպ դասարաններ կարող են ձևավորվել արհեստի ու արվեստի, ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության ոլորտներում։

Փոխվել է նաև կրթական ավագ աստիճանի աշակերտների կազմակերպման կարգը․ 10-12-րդ դասարանների սովորողները արդեն ոչ թե դասարաններ են, այլ ուսումնական մի քանի խմբեր։ Եթե առարկան նպատակային է (ավելի խորացված ուսումնասիրվող դասընթաց, որն ընտրում է սովորողը), ապա խմբում կլինի մինչև 20-25 հոգի, իսկ հիմնական ծրագրի դեպքում՝ 26-30: Խմբերը ձևավորվելու են կիսամյակի համար։

Հատուկ կարիքներ ունեցող աշակերտների թիվը պետք է լինի յուրաքանչյուր դասարանում սովորողների մինչև 10%-ը։ Իսկ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի դասարաններում առավելագույնը պետք է սովորի 15 աշակերտ։

Մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող աշակերտները պետք է սովորեն առավելագույնը 6 հոգով:

Նշենք, որ որոշումը չի վերաբերում մասնագիտացված հանրակրթական դպրոցներին. վերջիններս դասարանները կազմակերպում են իրենց կանոնադրության համաձայն։

 

 

Հեղինակ` 

Անի Խաչատրյան

Մենթոր-խմբագիր`

Տաթև Խաչատրյան

Թողնել մեկնաբանություն