Կառավարությունը հավանության է արժանացրել 2026-2031 թթ. իր ծրագիրը | hetq.am

Կառավարությունը հավանության է արժանացրել 2026-2031 թթ. իր ծրագիրը

Գործադիրը այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ Կառավարության հնգամյա՝ 2026-2031 թվականների ծրագրին, որը կներկայացվի Ազգային ժողով: Ըստ հիմնավորման՝ ՀՀ Կառավարության ծրագիրը հիմնված է Իրական Հայաստանի գաղափարախոսության, 2026 թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա: Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:

Հարցը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը և նշել. «Կառավարությունը ձևավորվել է 2026 թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով և շատ կարևոր է արձանագրել՝ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն»:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Երրորդ և Չորրորդ հանրապետությունների տարբերությունները. «Երրորդ Հանրապետությունը հիմնադրվել է կոնֆլիկտի, հակամարտութան տրամաբանությամբ: Չորրորդ Հանրապետությունը ձևավորվում է, ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ, և այստեղ միայն հակամարտության և խաղաղության տրամաբանությունների մեջ չէ խնդիրը, այլ պետության ֆունկցիոնալ նշանակության՝ ինչի համար է պետությունը, ինչ գործնական առաքելություն և գործառույթ ունի պետությունը»:

Փաշինյանի գնահատմամբ՝ Կառավարության ծրագիրն ամբողջությամբ հիմնված է Իրական Հայաստանի գաղափարախոսության և Չորրորդ Հանրապետության տեսլականի վրա. «Սա է այն առանցքային գաղափարաբանական փոփոխությունը կամ վերափոխումը, որը տեղի է ունենում Կառավարության ծրագրում»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության ծրագրի հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ խաղաղությունը և այս նոր միջավայրը հնարավորություն է տալիս լիարժեք կերպով վերադառնալ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության օրակարգի չիրականացված հատվածին: «Լավ լուրն այն է, որ ճգնաժամային կառավարման ընթացքում մենք երբեք չենք դադարեցրել բարեփոխումների օրակարգի իրականացումը, և ես հիմա ունեմ համոզվածություն, և ընթացիկ պրոցեսները դա ցույց են տալիս, որ ունենք անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողություն, որպեսզի բնականոն ձևով շարունակենք հեղափոխության օրակարգի իրականացումը»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեղափոխական օրակարգի իրականացումը ՝ որպես շատ կոնկրետ պարտավորություն, արձանագրվում է հետևյալ կերպ. «Մենք պետք է շարունակենք և նոր թափ հաղորդենք ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումներին։ Մենք մեր արածը պետք է չափենք միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում ՀՀ-ի առաջընթացով»։

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև երեք նախարարությունների անվանումների փոփոխության վերաբերյալ նախագծին և դրա պատճառներին։ Առաջին փոփոխությունը վերաբերում է Արտաքին գործերի նախարարությունն Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն վերանվանելու նախաձեռնությանը։ «Զարգացած շատ երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է նախարարության մանդատը՝ միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Մեր դեպքում դա տեղի չի ունեցել, և դա ունեցել է ևս մեկ շատ օբյեկտիվ պատճառ։ Պետք է ընդունել, որ Երրորդ Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում, եթե չչափազանցենք, ԱԳՆ-ի գործունեության 75-80 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների և գործունեության հետ»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ տնտեսական կապերը պետք է լինեն դեսպանատների ամենօրյա աշխատանքի օրակարգում։

Մյուս փոփոխության համաձայն՝ ԲՏԱՆ կվերանվանվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն. «ԱԲ-ն ամենօրյա ռեժիմով մտնում է մեր իրականություն, ուստի պետք է այդ իրականության հետ առնչվելու ինստիտուտներ ունենալ։ Նախարարությունում կձևավորվի նաև ԱԲ գրասենյակ։ Լավ լուրն այն է, որ ԱԲ ենթակառուցվածքն այլևս մեզ համար նորությունների թողարկման մեջ գտնվող նյութ չէ։ Ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում մենք շատ լուրջ և էական զարգացումներ ենք արձանագրել, որովհետև ՀՀ-ում մենք այսօր արդեն ունենք երեք սուպերհամակարգչային կենտրոններ, որոնցից երկուսը ԱԲ գործարաններ են»։

Երրորդ փոփոխության համաձայն՝ ԱՍՀՆ-ն կվերանվանվի Աշխատանքի և բարեկեցության նախարարություն. «Մենք աշխատանքը պետք է ընկալենք որպես բարեկեցության գործիք։ ՀՀ-ում բարեկեցություն հասկացությունը և դրան հասնելու մոդելը պետք է լինի հետևյալը՝ կրթություն-աշխատանք-մասնագիտական կարողությունների զարգացում-առողջ ապրելակերպ-աշխատանքային վաստակ»։ Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է հետևյալ բանաձևը՝ Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։

Երկրի ղեկավարը ներկայացրել է Կառավարության ծրագրի այլ մանրամասներ ևս՝ առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտների վերաբերյալ։ «Այս ծրագրի հիման վրա Կառավարությունն ընդունելու է իր գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը և իրագործելու է այն։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն և ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»,-ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն