ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձել է դատախազության հայտարարությանը՝ հերքելով, որ ապօրինի ծագում ունեցող գույք ունի։
«Գլխավոր դատախազության այսօրվա տարածած հայտարարությունը «սպասված» էր, նույնիսկ՝ ուշացած, քանզի հերթական հորինված գործն իմ դեմ դատարան էր ուղարկվել դեռ 20 օր առաջ։
Գործող ռեժիմը քաղաքական օպոնենտների դեմ գործի է դրել բոլոր հնարավոր լծակները, այդ թվում՝ այսպես կոչված ապօրինի գույքի բռնագանձման զենքը։ Այս գործընթացի հարուցման հիմքում ընկած է մեկ այլ շինծու պրոցես, որն իմ դեմ սկսվել է 2022 թվականին և ուղեկցվել է երկու տարուց ավել ապօրինի կալանքով, իսկ այժմ դատավարությունը այնքան անհետաքրքիր է և գործն այնքան փլված է, որ անգամ իշխանամետ մամուլը այն չի լուսաբանում։
Ես կտրականապես եւ ամբողջությամբ հերքում եմ ինձ կամ իմ ընտանիքին պատկանող կամ վերագրվող որևէ ապօրինի ֆինանսական միջոցի կամ անշարժ գույքի առկայությունը։
Իրականում ապօրինի են ոչ թե ինձ կամ իմ ազգականներին պատկանող գույքը, այլ այն քրեական և քաղաքացիական գործերը, որ հարուցվել են իմ և իմ թիմակիցների հանդեպ։
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա նույն հաջողությամբ ինձ վերագրվող գումարների չափով կարող էին երկու զրո ավել գրել, էլ ավելի աստղաբաշխական թիվ նկարեին, եւ դա նույնքան կապ կունենար իրականության հետ, որքան այս պահին մոգոնվածը։
Որևէ առնչություն ապօրինությունների հետ ես չունեմ և չեմ ունեցել ոչ իմ պաշտոնավարումից առաջ, ոչ պաշտոնավարման ընթացքում և ոչ պաշտոնավարումից հետո, և իրավունքները, անկախ այսօրվա գործող դատական համակարգի ողբալի վիճակից, պատրաստվում եմ պաշտպանել նաև դատարանում։
Հ.Գ. Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել։ Տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում։ Ձեր հորինած մեղադրանքներն ու քրգործերը վկա»,- գրել է Աշոտյանը։