Եղեգիս գետի էկոհամակարգի վերականգնման հարցով աշխատանքային խումբ կձևավորվի | factor.am

Եղեգիս գետի էկոհամակարգի վերականգնման հարցով աշխատանքային խումբ կձևավորվի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը քննարկել են Եղեգիս գետի էկոհամակարգի վերականգնման ծրագիրը։ Առաջարկվել է շահագրգիռ կառույցների մասնակցությամբ աշխատանքային խումբ ձևավորել, անդրադարձ է եղել նաև անազատության մեջ պահվող վայրի կենդանիների հայտնաբերման, տեղափոխման և խնամքի հարցերին։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանին։

Հանդիպման առանցքում եղել է հիմնադրամի «Վայոց ձորի հրաբխային լանդշաֆտում գետային էկոհամակարգերի և անտառների վերականգնումը» ծրագիրը, մասնավորապես՝ Եղեգիս գետի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումները և նախատեսվող հիդրոլոգիական աշխատանքների տեխնիկական առաջադրանքը։

Տեսչական մարմնի ղեկավար Հ.Մարտիրոսյանն առաջարկել է ձևավորել շահագրգիռ կառույցների մասնակցությամբ աշխատանքային խումբ՝ ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքների արդյունավետ համակարգման նպատակով։

Քննարկվել են նաև հաշվառված, սակայն դեռևս անազատության մեջ գտնվող, ինչպես նաև համապատասխան թույլտվությունների բացակայությամբ պահվող վայրի կենդանիների հայտնաբերման, նրանց տեղափոխման, խնամքի և պահման պայմանների բարելավմանն ուղղված հարցերը։

Կողմերը վերահաստատել են, որ նման համագործակցությունը կարևոր է COP17-ին ընդառաջ՝ բնության և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համատեղ ջանքերի համակարգման տեսանկյունից»,- հայտնում են ԲԸՏՄ-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն