Ոստիկանները հայտնաբերել են տելեգրամյան ալիքների տնօրինողներ և 2 կգ-ից ավելի մեթամֆետամին. 7 անձ ձերբակալվել է | 1lurer.am

Ոստիկանները հայտնաբերել են տելեգրամյան ալիքների տնօրինողներ և 2 կգ-ից ավելի մեթամֆետամին. 7 անձ ձերբակալվել է

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են թմրամիջոցների իրացման ենթադրյալ շղթա։

Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, ըստ որոնց՝ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող Telegram-յան ալիքների միջոցով զբաղվել են թմրամիջոցների իրացմամբ։

Ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության ծառայողները իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ շուրջօրյա հսկողություն և դարանակալում։

Միջոցառումների արդյունքում անձանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության վարչություն։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվել մի շարք անձանց բնակության հասցեներում։

Ոստիկանության փոխանցմամբ՝ Telegram-յան օգտատերերից մեկի բնակության վայրում հայտնաբերվել է ընդհանուր 2 կգ 610 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։ Տարբեր հասցեներից հայտնաբերվել են նաև նույն տեսակի թմրամիջոցներ, կանեփի բույսեր, 8 միլիոն 188 հազար դրամ և 4500 ԱՄՆ դոլար։

Հետագա միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 անձ։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ շարունակելու է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանց տարածման ենթադրյալ ցանցերի դեմ ուղղված միջոցառումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն