arm.sputniknews.ru Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է իր մարդասիրական առաքելության շրջանակում հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելելով, որ պետք է լինի համապատասխան դիմում և հարցը համաձայնեցվի ներգրավված կողմերի հետ։
«Դիմելու և ներգրավված կողմերի հետ համաձայնեցման դեպքում ԿԽՄԿ-ն իր առաքելության շրջանակում պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասաց Ամատունին։
ԿԽՄԿ ներկայացուցիչ խոսքով՝ ԿԽՄԿ-ն իր մանդատի շրջանակում շարունակում է ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսությունը մարդասիրական հարցերի, մասնավորապես՝ անհետ կորած և պահվող անձանց խնդիրների շուրջ։
«Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության բացակայության պատճառով երկխոսությունն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր գրասենյակի մակարդակով»,- նշեց Զառա Ամատունին։