Պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են՝ 2023 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսը 18 պետական բուհերում ուսումը ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4500 ուսանողի վճարումների և փոխհատուցումների արդյունքում ձևավորվել է մոտ 400 մլն դրամի գերավճար։ Օգոստոսի դրությամբ շուրջ 600 ուսանողի և տարբեր կազմակերպությունների արդեն վերադարձվել է մոտ 67 մլն դրամ։
«Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում իրականացված վերահսկողության արդյունքում պարզել է, որ 18 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսը ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4 500 ուսանողների վճարումների և տրամադրված փոխհատուցումների արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի գերավճար։
Գերավճարները հիմնականում առաջացել են ուսանողների կողմից կատարված ավելի վճարումների, ինչպես նաև պետության և տարբեր կազմակերպությունների կողմից ուսման վարձերի փոխհատուցումների արդյունքում։
Ծառայության առաջարկությամբ՝ բուհերը միջոցներ են ձեռնարկում գումարները քաղաքացիներին և ուսման վարձը փոխհատուցած կազմակերպություններին վերադարձնելու ուղղությամբ։
Արդյունքում՝ 2026 թվականի օգոստոսի դրությամբ, շուրջ 600 ուսանողների և տարբեր կազմակերպությունների վերադարձվել է շուրջ 67 մլն դրամ։
Վերահսկողական աշխատանքները շարունակվում են՝ մյուս բուհերում նմանատիպ դեպքերը բացահայտելու և գումարները իրական շահառուներին վերադարձնելու նպատակով»,- նշված է ՊՎԾ-ի տարածած հաղորդագրությունում։