Օգոստոսի 21-ին ՆԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանն ու ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը ներկայացրել են 2026 թվականի առաջին կիսամյակում Փրկարար ծառայության գործունեության արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ-ից։
«Արմեն Մկրտչյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարության վարած քաղաքականությունը, իրականացվող բարեփոխումներն ու զարգացման հիմնական ուղղությունները։
2026 թվականի հունիսին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով հաստատվել է անտառային հրդեհների կանխարգելման ստանդարտացված գործելակարգ` սահմանելով անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման միասնական մեթոդաբանություն։
Ձևավորվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը՝ ներդրվել զանգերի կառավարման միասնական նոր համակարգ։
Շարունակվում է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ձևավորման և ընդլայնման գործընթացը․ ներկայում 12 համայնքում գործող հենակետերը սպասարկում են 60 բնակավայր, առաջիկայում կգործարկվի ևս մեկը։
Համալրվել է Փրկարար ծառայության նյութատեխնիկական բազան․ ձեռք է բերվել հրշեջ-փրկարարական 18 նոր մեքենա, ևս վեց տրանսպորտային միջոցի ձեռքբերման վերաբերյալ կնքվել է պայմանագիր։
Բարելավվել են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների շենքային պայմանները․ շահագործման են հանձնվել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական կայանի վարչական շենքերը։
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները։
2026 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 6421 արտակարգ դեպք- պատահար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը նվազել են 1364-ով կամ 17,5 տոկոսով։
Արտակարգ դեպք-պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 3,9 տոկոսով, տուժածներինը՝ 352-ով կամ 7,5-ով։
Փրկարար ծառայության ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների արդյունքում փրկվել է 68 մարդու կյանք։
Գրանցվել է հրդեհի 2431 դեպք՝ նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվը նվազել է 1392-ով կամ 36,4 տոկոսով։
2028 թվականին նախատեսվող միջազգային վերաորակավորմանն ընդառաջ՝ անցկացվել է ՄԱԿ-ի INSARAG արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վարժանքը։
Լողասեզոնի ընթացքում Սևանա լճի Փրկարար ծառայության կողմից սպասարկվող հանրային լողափերում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել։
Փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով կազմակերպվել է 278 ուսումնավարժություն, վերապատրաստվել է շուրջ 1000 ծառայող։
Բանախոսները պատասխանել են նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին»,- նշված է հաղորդագրությունում։