Միակ իրավասու մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է քննի և անաչառ գնահատական տա դեպքերի վերաբերյալ․ ՆԳ նախարար | armenpress.am

Միակ իրավասու մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է քննի և անաչառ գնահատական տա դեպքերի վերաբերյալ․ ՆԳ նախարար | armenpress.am

armenpress.am Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը  նպատակահարմար և իրավաչափ չի համարում այս պահին որևէ գնահատական կամ կարծիք հայտնել քննիչների և ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։

 Նրա խոսքով՝ երկու դեպքերի առնչությամբ անաչառ գնահատական պետք է տա Հակակոռուպցիոն կոմիտեն։

Այս մասին Արփինե Սարգսյանն ասել է «Լուրեր»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով վերջին շրջանում քննիչների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին։

«Ես առհասարակ նախապատվություն չեմ տալիս հրապարակային բանավեճին որևէ պետական մարմնի հետ։ Պիտի փաստեմ, որ սա առաջին հերթին վնասում է իրավապահ համակարգի հեղինակությանը, և, հետևապես, մշտապես առաջնահերթությունը տվել եմ, տալիս եմ և տալու եմ պետական շահին»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ խոսքը երկու տարբեր դրվագների մասին է։ Առաջինը վերաբերում է առերևույթ խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքին, որի մասնակիցների թվում եղել են քննիչներ, ոստիկան և այլ քաղաքացիներ։

«Ես ինքս եմ հաղորդում ուղարկել այս դեպքով»,- նշել է Սարգսյանը։

Նախարարը հայտնել է, որ երկրորդ դրվագը վերաբերում է առաջին դեպքով անցնող ոստիկանի՝ Քննչական կոմիտեում առերևույթ խոշտանգման դեպքին, որի վերաբերյալ ևս հաղորդում է ներկայացվել։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը իրավական պետություն է՝ այս երկու դեպքերը քննող միակ իրավասու մարմինը Հակակոռուպցիոն կոմիտեն է։ Այն պետք է քննի և տա անաչառ գնահատականներ դեպքերի մասով, որովհետև որևէ այլ մեկնաբանություն կդիտարկվի որպես միակողմանի գնահատական թեմայի առնչությամբ»,- ասել է ՆԳ նախարարը։

Նա նշել է, որ երկու գործերի վերաբերյալ սպասելու է Հակակոռուպցիոն կոմիտեի անաչառ հանգուցալուծմանը և գնահատականների հանրայնացմանը։

Հիշեցնենք՝ ՔԿ-ից հայտնել էին, որ նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:

Վարույթի շրջանակում ձերբակալվել էին ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ: Ավելի ուշ մեկ ոստիկան և մեկ մեղադրյալ կալանավորվել են։

Նշենք նաև, որ Պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Խոշտանգումը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ ծեծի են ենթարկվել ոչ թե քննիչները, այլ ոստիկանը, և դեպքը տեղի է ունեցել վարչության պետի մասնակցությամբ: Իսկ ՔԿ-ն պնդում է, որ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկն է ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի ենթարկել 2 քննիչի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն