news.am Ոստիկանության ծառայողի և այլ անձանց կողմից 2 քննիչի ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին։
«Գլխավոր դատախազի որոշմամբ՝ Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը)
և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը) կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին»,- news.am–ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2026 թվականի օգոստոսի 21-ին նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:
Վարույթի շրջանակում ձերբակալվել էին ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ: Նրանցից երկուսը ավելի ուշ կալանավորվել են։
Նշենք նաև, որ Պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Խոշտանգումը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ ծեծի են ենթարկվել ոչ թե քննիչները, այլ ոստիկանը, և դեպքը տեղի է ունեցել վարչության պետի մասնակցությամբ: Իսկ ՔԿ-ն պնդում է, որ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկն է ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի ենթարկել 2 քննիչի։