ԱՄՆ-ն Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից | azatutyun.am

ԱՄՆ-ն Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից | azatutyun.am

azatutyun.am Միացյալ Նահանգները նախօրեին ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից հեռացրել է Սիրիան՝ այդպես վերացնելով, Դամասկոսի բնորոշմամբ, երկրում ներդրումներ կատարելու վերջին հիմնական խոչընդոտը: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը խորացնում է կապերը Սիրիայի նոր իշխանությունների հետ։

Որոշման մասին տեղեկությունը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Այն ուժի մեջ է մտել Կոնգրեսի 45-օրյա քննարկման ժամկետի ավարտից հետո։ Այդ գործընթացը սկսվել էր այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին պաշտոնապես Կոնգրեսին տեղեկացրել էր, որ մտադիր է չեղարկել Սիրիայի՝ ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը։

«Այս բոլոր քայլերն իրականացվել են՝ ի նշան նախագահ Ահմեդ ալ-Շարաայի ղեկավարությամբ Սիրիայի կառավարության ձեռնարկած դրական քայլերի և ստանձնած հետագա հանձնառությունների՝ Սիրիան միջազգային ահաբեկչության գործողություններից լիովին հեռու պահելու համար», – ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։

«Սիրիայում ներդրումներ կատարելու, բիզնես վարելու և տնտեսական կյանքը վերականգնելու համար այլևս որևէ խոչընդոտ չկա», – Reuters-ի հետ զրույցում ընդգծել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ ալ-Շիբանին։

Սիրիան ԱՄՆ ահաբեկչական ցանկում հայտնվել էր 1979 թվականին, երբ Վաշինգտոնը նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի կառավարությանը մեղադրեց զինված խմբավորումներին աջակցելու համար: Այդ կարգավիճակը պահպանվեց նաև նրա որդու՝ Բաշար ալ-Ասադի կառավարման ողջ ընթացքում։ Այժմ այդ ցանկում երեք պետություն է մնում՝ Կուբան, Իրանը և Հյուսիսային Կորեան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն