Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները

Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ քննարկել է հայ-իրանական տնտեսական համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ առևտրաշրջանառության, ներդրումների, էներգետիկ և լոգիստիկ կապերի զարգացումը։ Անդրադարձ է եղել նաև Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորություններին։

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը, առևտրաշրջանառության և ներդրումների ընդլայնմանը, ենթակառուցվածքների և գործարար կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։

Նախարար Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել առավել շոշափելի տնտեսական արդյունքների՝ ընդլայնելով հայկական արտադրանքի ներկայությունը Իրանի շուկայում և առավել արդյունավետ օգտագործելով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և լոգիստիկ համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև երկարաժամկետ ձևաչափով դիզելային վառելիքի և հեղուկ գազի մատակարարման հնարավորություններին։

Նախարար Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել գործակցության ընդլայնումը մի քանի հիմնական ուղղություններով՝ առևտրի և հայկական արտահանման ընդլայնում, համատեղ արտադրություններ և ներդրումներ, էներգետիկ ու լոգիստիկ համագործակցություն, ինչպես նաև սահմանային ընթացակարգերի շարունակական բարելավում»,- ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն