Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին | 1lurer.am

Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին | 1lurer.am

1lurer.am  Ես հրահանգը այստեղ չեմ տվել, ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին: Այդ մասին Ազգային ժողովում իր ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդիմադիրների քննադատությանը, թե երեկ երեկոյան ՀՀ վարչապետը հրահանգ է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ գործողություններ իրականացնելու համար:

«Ինչո՞ւ եմ այնտեղից տվել. որովհետև ոչ մեկը չի ասում՝ «Պիացա գրանդեն»՝ Սպայի տուն պատմամշակութային հուշարձանը, քանդել են, տեղը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի սեփականությունն է: Ո՞նց: «Փլեյ սիթի»՝ Թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ, դարձրել են իրենց համար «Օրանժ»: «Տոյոտա Երևան»՝ Ռուբինյանի հետ էինք նայում, եթե ես ճիշտ հասկացա, մի հատ հողն են տվել, մի հատ էլ փայ են մտել «Տոյոտա Երևանի» մեջ: Պարոնյան 8 շենքի տեղը հին շենք է եղել, դա վերցրել են կոպեկներով, «Կապուտակ Սևան», «Կոնգրես» հյուրանոցը չգիտեմ՝ սրա մա՞ս է, թե՞ չէ, Կասկադում՝ երկու հեկտար հողամաս:

Ժողովո՛ւրդ  ջան, ես ձեզ հարց եմ տալիս, երկու հարցադրում կա. 8 տարի վարչապետ եմ, ինչո՞ւ Կասկադում հող չունեմ, ինչի Սևանի ափին հանգստյան տուն չունեմ, ինչո՞ւ հյուրանոց չունեմ: Ինչո՞ւ 1 մլրդ 740 դրամ չունեմ… Այսինքն՝ ի՞նչ, ես միամի՞տ եմ: Նրանք շուստրի, ուժեղ տղերքն են, հայրենասեր, ես էլ միամի՞տն եմ:

Ճիշտ հարց հնչեց, հիմա էլ ասում են՝ ինչո՞ւ 8 տարի հետո: Ես էլ եմ այս հարցը տալիս, այս փաստերից մեկը նո՞ր է: Ի՞նչ եմ հրապարակից ասել, ասել եմ՝ մի պարզ պատճառով. որովհետև, լինելով իշխանություն, ամեն օր կռիվ ենք տվել այս մաֆիայի դեմ: Այդ սեփականությունն ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանինն ու մյուսներինը. որովհետև ում ուզեցել են, առել են, ում ուզեցել են, ծախել են»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ պետությունը, որը ՀՀ ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել:

«Այո՛, պիտի նստեն: Ես ասում եմ՝ Ծառուկյան Գագիկը պիտի հայտարարություն անի, ասի՝ ի՞նչ էիք ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափ լինի: Բա ե՞րբ է թոշակը բարձրանալու, Քոչարյան Ռոբերտն էլ պիտի ասի դա: Իրենք էլ պիտի ասեն, իրենք պիտի փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն, և դա իմ քաղաքական հանձնառությունն է: Այն պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, այլ ՀՀ ժողովրդի ասածն է, դե փորձվի՝ մեկը չանի: Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք՝ առնեք, ում ուզենաք՝ ծախեք: Պրծել է»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը նաև հայտարարեց. «Ժողովրդից տարած ամեն ինչը մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք, կոպեկ-կոպեկ, հատիկ-հատիկ՝ անկախ նրանից, թե ում ընկերն է, ում բարեկամն է և այլն… Հովիկ Աղազարյանի դեպքը դրա մասին է: Այսինքն՝ մենք մեր ու ուրիշի կաշառակեր ունե՞նք: Մենք պարտավորություն ունենք ժողովրդի առաջ և այդ պարտավորւթյունը պիտի կատարենք»:

Անդրադառնալավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը լավ է կառավարել, հայտարարեց. «Հա, ես վատ եմ կառավարել, բայց ես հյուրանոց չունեմ, միլիոններ չունեմ, ոչ մի բան չունեմ: Բայց ունեմ մանդատ, ունեմ լեգիտիմություն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն