azatutyun.am Հորմուզի նեղուցի վերաբերյալ Օմանի և Իրանի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը դեռ չի նշանակում, որ «նեղուցը բացվում է», հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Օմանի հետ համաձայնեցրել են 11 կմ լայնությամբ ժամանակավոր երթուղին, որի մուտքի կետն ու ելքի մի մասն անցնում են Իրանի ջրերով։ «Մենք համաձայնության ենք եկել Օմանի հետ, որ Հորմուզի նեղուց մուտքի ճանապարհը կանցնի մեր տարածքային ջրերով, իսկ ելքի մի մասը նույնպես կանցնի մեր տարածքային ջրերով», – ասել է Ղարիբաբադին։
Ըստ նրա՝ այս համաձայնությամբ փակվում է նեղուցի հարավային երթուղին, որը ԱՄՆ-ն բացել էր «Օմանի ճնշման տակ», ինչը, նրա խոսքով, խախտում է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմին վերջ դնելու նպատակով կնքված փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածը։ Առաջարկվող քարտեզը ներկայացրել է Իրանի զինված ուժերը:
Իրանը նաև ոչ մի ռազմական նավի թույլ չի տա անցնել Հորմուզի նեղուցով, զգուշացրել է նա: «Մենք փակեցինք Հորմուզի նեղուցը, նախքան Միացյալ Նահանգների կողմից [Իրանի նկատմամբ – խմբ.] տնտեսական շրջափակում սահմանելը, քանի որ Միացյալ Նահանգները չկատարեց փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորությունները», – ըստ IRNA պետական լրատվական գործակալության՝ ասել է Ղարիբաբադին։
«Մինչև Հորմուզի նեղուցի վերաբացմանն ուղղված որևէ գործողություն ձեռնարկելը, Միացյալ Նահանգները պետք է լիովին կատարի բոլոր պարտավորությունները, որոնք խախտել է»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Truth Social-ում գրել էր, որ «Հորմուզի նեղուցի միջազգային ջրերում բոլոր ականները հեռացվել և/կամ պայթեցվել են»։ Սակայն Ղարիբաբադին այս պնդումները «քարոզչական խաբեություն» է անվանել՝ հավելելով, որ Իրանը կթիրախավորի տարածաշրջան մտնող ականազերծող ամերիկյան նավերին: