ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ընդունել է Նիդերլանդների ձեռնարկությունների գործակալության (CBI) պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ, մասնավորապես՝ Նիդերլանդներ և Բենիլյուքսի երկրներ մուտքի խթանման, ինչպես նաև արտահանման գործընթացների կազմակերպման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
Անդրադառնալով CBI-ի կողմից հայկական չիր արտադրող և արտահանող ընկերություններին ցուցաբերվող շարունակական աջակցությանը՝ կողմերը կարևորել են ծրագրի ընդլայնումը՝ հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով հայկական ընկերությունների օգտվել արտահանման զարգացման և նոր շուկաներ մուտք գործելու գործիքներից։
Քննարկվել են նաև 2026 թվականի հոկտեմբերին Նիդերլանդներ և եվրոպական ևս մեկ երկիր նախատեսվող շուկայի ուսումնասիրման առաքելության կազմակերպմանն ու դրա շրջանակում B2B հանդիպումների անցկացմանն առնչվող հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, արտահանողների կարողությունների և պատրաստվածության բարձրացման, հնարավոր գործընկերների բացահայտման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաև արտահանող ընկերությունների հետ հետագա համագործակցության խորացման շուրջ։