Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | 1lurer.am

Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 26-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է հանձնել խմբի կազմում, նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով շների խեղման հանգեցրած շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Սպիտակ համայնքի բնակիչ Խ.Ս.-ն և Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի բնակիչ Մ.Թ.-ն, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով, պարբերաբար իրականացրել են կենդանիների՝ շների մարտեր, որոնք հանգեցրել են մարտերին մասնակցող շների խեղմանը՝ այդ կերպ կենդանիների նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 21-ին Խ.Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (152 դրվագ), իսկ Մ.Թ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (116 դրվագ)։

Խ.Ս.-ի և Մ.Թ.-ի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը»,- նշված է դատախազության հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն