«Սրբազան վրեժ». ինչպես Ժառանգավորաց վարժարանում ցեղասպանությունը վերապրած որբերից կերտեցին հոգևոր նոր առաջնորդներ

Երբ Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայ մտավորականությանը զուգահեռ ոչնչացվեց հայ հոգևորականության զգալի մասը, թվում էր, թե Հայոց եկեղեցին երկար ժամանակ չի կարողանալու վերապրել այդ կորուստը։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո նվիրապետական աթոռներից ամենաքիչը տուժած Երուսաղեմի հայոց պատրիարքությունը գործարկեց «Սրբազան վրեժ» ծրագիրը, որը հնարավորություն ընձեռեց կարճ ժամանակամիջոցում նահատակ հոգևորականությանը փոխարինելու հոգևորականության նոր սերնդով։

Երիտթուրքերի ցեղասպան քաղաքականության հետևանքներին պատրիարքությունը դիմակայում էր կրթության միջոցով, ինչի արդյունքում Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը դարձավ ապագա բարձրաստիճան հոգևորականության ձևավորման կենտրոն։ Ցեղասպանությունը վերապրած որբերից շատերը հետագայում դարձան հայտնի հոգևորականներ և պատրիարքներ, իսկ ոմանք՝ հայտնի մտավորականներ։  Այս մասին է պատմում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Արման Խաչատրյանի հոդվածը, որը տեղ է գտել «Capturing Eternity: Jerusalem Armenian Entanglements with Photography» ժողովածուում։

Դեպի Իսրայել. հետազոտության նախապատմությունը

Արտերկրում ուսում ստանալու վաղեմի երազանքը գիտնական Արման Խաչատրյանին 2013 թվականին՝ բանակից զորացրվելուց հետո, տարավ Իսրայել, որտեղ նա ընդունվեց Նեգևի Բեն Գուրիոնի անվան համալսարանի իսրայելագիտության միջազգային մագիստրոսական ծրագիրը։ Այստեղ սովորելու ընթացքում անհրաժեշտ էր մագիստրոսական թեզի թեմա ընտրել։ Երկար ուսումնասիրություններից հետո Խաչատրյանը նկատեց, որ ամենաքիչ հետազոտված թեմաներից են Երուսաղեմի հայոց պատրիարքության և ընդհանրապես պաղեստինահայությանը վերաբերող հարցերը՝ հատկապես Բրիտանական մանդատի շրջանում (1920-1948 թթ․)։  Սա դարձավ նրա մագիստրոսական թեզի թեման և, հետագայում ընդարձակվելով, հիմք ծառայեց նաև դոկտորական ատենախոսության համար։

«Սրբազան վրեժ». ինչպես Ժառանգավորաց վարժարանում ցեղասպանությունը վերապրած որբերից կերտեցին հոգևոր նոր առաջնորդներ
Արման Խաչատրյանը

Արման Խաչատրյանն, արդեն ավելի քան 10 տարի է, ինչ զբաղվում է այս թեմայի հետազոտությամբ։ Գիտնականի խոսքով՝ անընդհատ նոր ու հետաքրքիր շերտեր են բացվում հետագա ուսումնասիրությունների  համար։ Այդ հետազոտությունների արդյունքում ծնված աշխատանքներից մեկն էլ վերջերս հրապարակված հոդվածն է։

Ինչու և ինչպես ստեղծվեց Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը

Հեղինակը գրում է, որ 19-րդ դարի սկզբին Երուսաղեմի հայոց պատրիարքությունը գտնվում էր վարչական և ֆինանսական ճգնաժամի, ինչպես նաև ներքին պառակտումների մեջ, ինչը մեծապես պայմանավորված էր Երուսաղեմի հայոց պատրիարքության նկատմամբ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության վարած կենտրոնաձիգ քաղաքականությամբ։ Այս պայմաններում Երուսաղեմ ժամանեց Պողոս արքեպիսկոպոս Ադրիանապոլսեցին, որը գիտակցում էր, որ Երուսաղեմի աթոռի վերազարթոնքի և ամրապնդման գլխավոր միջոցը կարող է լինել կրթությունը։ Նրա նախաձեռնությամբ առաջ քաշվեց Ժառանգավորաց վարժարան հիմնելու գաղափարը, որի նպատակն էր պատրաստել կրթված և նոր մտածողությամբ օժտված հոգևորականների նոր սերունդ։

Հեղինակն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ մինչ այդ հոգևորականները հիմնականում կրթվում էին անհատական եղանակով՝ որևէ վարդապետի հսկողությամբ։ Սակայն ժամանակի պահանջը դարձավ կրթության ինստիտուցիոնալացումը։  

«Սրբազան վրեժ». ինչպես Ժառանգավորաց վարժարանում ցեղասպանությունը վերապրած որբերից կերտեցին հոգևոր նոր առաջնորդներ
Ժառանգավորաց վարժարանը (լուսանկարը՝ Ա․ Խաչատրյանի արխիվից)

Վարժարանի ստեղծման գործում կարևոր դեր ունեցավ Զաքարիա վարդապետ Տեր-Պետրոսյանը, որը կրթություն էր ստացել Կոստանդնուպոլսում և Վենետիկում, ոգեշնչված էր Մխիթարյան միաբանության օրինակով և հաջողություններով։ Նրա առաջարկով 1833 թ․՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունում գումարված ժողովի ժամանակ որոշվեց հիմնել ոչ միայն հոգևոր վարժարան, այլև պատրիարքության սեփական տպարանը։ Ծրագրի իրագործման համար Պողոս պատրիարքն ու Մկրտիչ արքեպիսկոպոս Երևանցին հրաժարվեցին անգամ Սուրբ Աթոռին տված իրենց անձնական փոխառություններից։ Լավագույնս յուրացնելով Մխիթարյանների և Արմաշի դպրեվանքի կրթական փորձը՝ Ժառանգավորաց վարժարանը դարձավ Երուսաղեմի հայկական հոգևոր, կրթական և մշակութային կյանքի վերածննդի կարևորագույն կենտրոններից մեկը։

Հեղինակը նշում է՝ 1843թ․ Ժառանգավորաց վարժարանի բացումը նախ հետաձգվեց Կոստանդնուպոլսի պատրիարքության և ամիրաների նախաձեռնությամբ, որոնք ցանկանում էին Սկյուտարում հիմնել ընդհանուր գիշերօթիկ դպրոց։ Ծրագիրը, սակայն,  ձախողվեց, քանի որ ամիրաները չկատարեցին իրենց խոստումները՝ ֆինանսական բեռը թողնելով Երուսաղեմի պատրիարքության վրա։ Այս իրավիճակը Պողոս  Ադրիանապոլսեցու համար առիթ դարձավ՝ վերադառնալու սեփական վարժարան ունենալու գաղափարին, որը նաև պիտի ամրապնդեր Երուսաղեմի աթոռի անկախությունը։

Վարժարանի հիմնադրումից հետո` պատրիարք Եսայու պաշտոնավարման շրջանում, Երուսաղեմը վերածվեց մշակութային հզոր կենտրոնի։ Ժամանակի հայտնի մտավորական Տիգրան Սավալանյանցի աջակցությամբ նոր թափ ստացավ  տպարանը,  ինչպես նաև հիմնադրվեց «Սիոն» պաշտոնաթերթը, որը չէր զիջում  մխիթարյանների «Բազմավեպին»։ 

«Փաստորեն, ձևավորվում է ամբողջական մի համակարգ, որտեղ դպրոցը, տպարանը, «Սիոն» ամսագիրն ու թանգարանը միասին կազմում էին գիտակրթական մեկ հանգույց։ Այդ միջավայրում Երուսաղեմի միաբան-հոգևորականը ոչ միայն կատարում էր իր եկեղեցական ծառայությունը, այլև ներգրավվում էր կրթական ու գիտական աշխատանքներում՝ դասավանդելով վարժարանում և զբաղվելով հետազոտական գործունեությամբ ու հրապարակումներով»։

Վարժարանը՝ համահայկական կենտրոն

Խաչատրյանի գնահատմամբ՝ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար սեփական կրթօջախ ունենալը ռազմավարական նշանակություն ուներ։  Նա հատկապես կարևորում է Ժառանգավորաց հոգևոր վարժարանի դերը Հայոց ցեղասպանությունից հետո, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական մյուս աթոռները  զրկված էին  հոգևորական սերունդներ պատրաստելու տարրական հնարավորություններից։  Էջմիածնի հոգևոր ճեմարանը չէր գործում, երիտթուրքերը վերացրել էին Սիսի կաթողիկոսությունը, իսկ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունն ապրում էր  իր վատագույն օրերը։  Այդ պայմաններում, նրա խոսքով, Երուսաղեմը միակ վայրն էր, որտեղ հնարավոր էր եկեղեցականների նոր  սերունդ կրթել, և Երուսաղեմի հայոց պատրիարքությունը  ստանձնեց  այս դժվարին առաքելությունը։

Արխիվային նյութերը՝ հոդվածի հենք

Հոդվածը հատկապես արժեքավոր է արխիվային եզակի լուսանկարներով, որոնք, ինչպես հեղինակն է նշում, երկար տարիների ընթացքում է հավաքել։ Հետազոտողն ուսումնասիրել է հիմնականում Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանի նյութերը։ Այցելել է Իսրայելի ազգային արխիվ, իսկ հետո աշխատանքի աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվել է․ ամեն ամառ Հայաստան վերադառնալիս գիտնականն անպայման այցելել է Հայաստանի ազգային արխիվ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան ու Մատենադարան։

«Սրբազան վրեժ». ինչպես Ժառանգավորաց վարժարանում ցեղասպանությունը վերապրած որբերից կերտեցին հոգևոր նոր առաջնորդներ
Ա․ Խաչատրյանի աշխատասենյակում

Հեղինակը հիշում է՝ տարբեր երկրներ ճամփորդելիս երբեք առիթը բաց չի թողել տեղի արխիվային ֆոնդերն ուսումնասիրելու և նյութեր հավաքելու  համար։

2015 թվականից Արման Խաչատրյանը սկսել է նաև համագործակցել Open Jerusalem միջազգային գիտական նախագծի հետ, որի շրջանակում գիտնականների մի խումբ զբաղվում էր Երուսաղեմի էթնիկ և կրոնական համայնքների արխիվների ձեռք բերմամբ ու ուսումնասիրությամբ։ Քանի որ թիմը չուներ հայկական նյութերով զբաղվող մասնագետ, Խաչատրյանին հրավիրեցին միանալու իրենց, ինչը նրան հնարավորություն տվեց օգտվելու նաև գործընկերների հավաքած արխիվային ընդհանուր բազայից։

Բացի պաշտոնական ֆոնդերից՝ հոդվածում տեղ են գտել նաև բացառիկ կադրեր անհատների ընտանեկան հավաքածուներից։

«2022 թվականին Ամերիկայում մասնակցում էի գիտաժողովի, իմ զեկույցի ընթացքում ներկայացրի Ժառանգավորաց վարժարանի լուսանկարներից մեկը, ավարտին մի աղջիկ մոտեցավ ինձ ու ասաց՝ գիտե՞ս, պապիկս այս վարժարանում է սովորել։ Նա ասաց, որ ընտանեկան ալբոմում մի լուսանկար ունեն, որը, հետագայում պարզվեց, որ պատմական շատ կարևոր տեղեկություններ փոխանցող բացառիկ վավերագիր է։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն ասում է, թե կապ ունի Երուսաղեմի հետ, ես անմիջապես հարցնում եմ արխիվային նյութերի մասին»։

«Սրբազան վրեժ» և «Կյուլպենկյան սաներ»

Հայոց ցեղասպանության հետևանքով հայ հոգևորականությունը կրեց ահռելի մարդկային ու նյութական կորուստներ. ավելի քան 4000 եկեղեցականներ սպանվեցին, ու բազում կրթական կենտրոններ ոչնչացվեցին՝ այդ թվում՝ Կոստանդնուպոլսին մոտ գտնվող Արմաշի դպրեվանքը։ 1917 թվականին Ջեմալ փաշայի կարգադրությամբ փակվեց նաև Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը, որի սաները  զորակոչվեցին օսմանյան բանակ։

«Սրբազան վրեժ». ինչպես Ժառանգավորաց վարժարանում ցեղասպանությունը վերապրած որբերից կերտեցին հոգևոր նոր առաջնորդներ
Վարժարանի սաները և ուսուցիչները, 1920 (լուսանկարը՝ Ա․ Խաչատրյանի արխիվից)

1921-ին Երուսաղեմի պատրիարք ընտրված Եղիշե Դուրյանն առաջ քաշեց «սրբազան վրեժի» գաղափարը. թշնամուն պատասխանել ոչ թե արյունով, այլ ոչնչացված մտավորականության փոխարեն հոգևորականների նոր՝ կրթված սերունդ պատրաստելով։ Այդ նպատակով 1920-ին վերաբացվեց Ժառանգավորաց վարժարանը՝ որպես հիմնական սաներ ընդունելով ցեղասպանությունից փրկված որբերին։

Արման Խաչատրյանի խոսքով՝ Ժառանգավորաց վարժարանի հետագա առաքելությունը սերտորեն կապված էր Դուրյանի առաջ քաշած այս գաղափարի հետ։ Պատմաբան-մարդաբանը նշում է, որ Դուրյանը Հայոց ցեղասպանությունը դիտարկում էր ոչ միայն որպես ֆիզիկական բնաջնջում, այլև որպես հայ մտավորական և հոգևոր դասի նպատակային ոչնչացում, քանի որ ցեղասպանության ճարտարապետները, վերացնելով հայ ժողովրդի մտավորական շերտը, նրան զրկել էին  լուսավոր ապագայից։

«Սրբազան վրեժ». ինչպես Ժառանգավորաց վարժարանում ցեղասպանությունը վերապրած որբերից կերտեցին հոգևոր նոր առաջնորդներ
Վարժարանի սաները 1930-ականներին (լուսանկարը՝ Ա․ Խաչատրյանի արխիվից)

Այդ ծրագրի առանցքային դերակատարները դարձան Հայոց ցեղասպանությունը վերապրած որբ երեխաները։ Խաչատրյանի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցում որբ երեխաների կրթությունն ու հոգևոր ծառայության պատրաստումը վաղուց գոյություն ունեցող ավանդույթ էր, սակայն ցեղասպանությունից հետո այն ստացավ նոր նշանակություն։ 1922-1924թթ․ Երուսաղեմի Արարատյան, ինչպես նաև Արևելյան Նպաստամատույցի Նազարեթի որբանոցներից  տասնյակ  հայ որբեր ընտրվեցին, որոնք ուսանեցին Ժառանգավորաց վարժարանում և պատրաստվեցին ապագա եկեղեցական ծառայության։

«Ցեղասպանություն վերապրած և այդ արհավիրքների միջով անցած որբը, կրթության ընթացքում գիտակցաբար հասունանալով ու դառնալով հոգևորական, հասկանում էր, որ հայ հոգևորականության մի հսկայական սերունդ կուլ է գնացել այդ աղետին։ Դա նրան մղում էր էլ ավելի մեծ ջերմեռանդությամբ ու նվիրումով լծվելու իր առաքելությանը։ Փաստորեն, սա մի ռազմավարական ծրագիր էր, որի միջոցով Դուրյան պատրիարքը ձևավորեց յուրօրինակ մի դիմադրություն։ Այդ «սրբազան վրեժով» նա պատասխան տվեց Թալեաթի, Էնվերի ու Ջեմալի ազգակործան ու հայաջինջ ծրագրերին»։

Պատրիարք Եղիշե Դուրյանի նախաձեռնությամբ Ժառանգավորաց վարժարանի  բարձրագույն դասարանի սաները հայտնի  էին որպես «Կյուլպենկյան սաներ»։ Այս անվանումը նրանք ստացան ամերիկահայ բարերար և գորգավաճառ Պատրիկ Կյուլպենկյանի շնորհիվ, որը ստանձնել էր տասը ուսանողի ֆինանսավորումը՝ տարեկան նվիրաբերելով 2000 անգլիական ոսկի։ Այս սաների  ձեռնադրությամբ Դուրյանը փորձում էր վերակենդանացնել Արմաշի դպրեվանքի ավանդույթը և շարունակել իր նախկին ուսանողների՝ արմաշական  նահատակ  հոգևորականների գործը։ Մեկ այլ նվիրատվություն ստացվեց ծխախոտի մագնատ Մելքոնյան եղբայրներից, ինչը հանգեցրեց ևս երկու լրացուցիչ դասարանների բացմանը՝ յուրաքանչյուրը 10 ուսանողով (նրանք կոչվեցին «Մելքոնյան սաներ»): 

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ֆինանսական ծանր վիճակում հայտնված Երուսաղեմի հայոց պատրիարքության համար Ժառանգավորաց վարժարանի զարգացումը հնարավոր դարձավ նաև հայ բարերարների աջակցության շնորհիվ։ Եղիշե Դուրյանը վարժարան հրավիրեց նաև ժամանակի նշանավոր մտավորականներին՝ Հակոբ Օշականին, Շահան Պերպերյանին՝ նպատակ ունենալով   ավանդել ժամանակի  ոգուն համապատասխան կրթություն և պատրաստել բազմագիտակ հոգևորականների։ 

Խաչատրյանի խոսքով՝ բարերարների աջակցությունը միայն վարժարանում սաների ուսման համար չէր։ Կյուլպենկյանի միջոցներով լավագույն սաներից չորսը հնարավորություն ստացան բարձրագույն հոգևոր կրթություն ստանալ Անգլիայում։ Այդ նպատակով վարժարանում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում նաև անգլերենի ուսուցմանը. Ամերիկայից հատուկ հրավիրվել էր անգլերենի ուսուցիչ, քանի որ Պաղեստինում Բրիտանական մանդատի շրջանում անգլերենը պաշտոնական լեզուներից մեկն էր, և ապագա հոգևորականները պետք է ազատ տիրապետեին դրան։

«Սրբազան վրեժ». ինչպես Ժառանգավորաց վարժարանում ցեղասպանությունը վերապրած որբերից կերտեցին հոգևոր նոր առաջնորդներ
«Կյուլպենկյան սաներ» (լուսանկարը՝ Ա․ Խաչատրյանի արխիվից)

Վարժարանի հետ մեկտեղ վերաբացվեց տպարանը և վերականգնվեց «Սիոն» պարբերականը։ 1931-ին բացվեց Գալուստ Կյուլպենկյանի անվան գրադարանը, որն իր ավելի քան 25 000 օտարալեզու  գրքերով և հարուստ ձեռագրատնով ամբողջացրեց Երուսաղեմի՝  հոգևոր, մշակութային և գիտական բացառիկ կենտրոնի կարգավիճակը։

Վարժարանի կանոնակարգն ու պահանջները բավականին խիստ էին։ Այն սաները, որոնք հրաժարվում էին հոգևորականի ուղուց, հաճախ ստիպված էին լինում հեռանալ կամ վտարվում էին վարժարանից՝ ստանալով «անկարգապահ», «անուղղելի» կամ «հանդուգն ու անհնազանդ» պիտակավորումները։

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն. ինչպին էր ազատ ժամանցը Վարժարանում

Ժառանգավորաց վարժարանում կրթությունը սահմանափակված չէր միայն դասարանային ուսուցմամբ կամ հոգևոր ծառայության մատուցմամբ․ այն ներառում էր նաև խիստ կանոնակարգված առօրյա, հիգիենայի կանոնների յուրացում, համազգեստ և ֆիզիկական դաստիարակություն։ Վարժարանի սաներն ունեին նաև թատերական ներկայացումներ կազմակերպելու և  տարբեր մրցույթների մասնակցելու հնարավորություններ, որոնք  նպաստում էին հատկապես որբացած պատանիների մտավոր և  ֆիզիկական վերականգնմանը։

«Սրբազան վրեժ». ինչպես Ժառանգավորաց վարժարանում ցեղասպանությունը վերապրած որբերից կերտեցին հոգևոր նոր առաջնորդներ
Վարժարանում (լուսանկարը՝ Ա․ Խաչատրյանի արխիվից)

Արման Խաչատրյանի խոսքով, սաները, բացի աստվածաբանական կրթությունից, ուսումնասիրում էին լեզուներ, բնական գիտություններ և ստանում ժամանակի չափանիշներին համապատասխան համակողմանի կրթություն։ Վարժարանում մեծ ուշադրություն էր դարձվում նաև ֆիզիկական կրթությանը, որը կարևոր տեղ էր զբաղեցնում 20-րդ դարի սկզբի կրթական համակարգերում։ Հետազոտողը նշում է, որ սաները նաև զբաղվում էին սպորտով, քանի որ ժամանակակից կրթության մոտեցումներից  մեկն այն էր, որ սովորողը  պետք է մարզի  նաև իր մարմինը։ Այդ մոտեցման դրսևորումներից էր նաև այն, որ Ժառանգավորաց վարժարանի սաներն ունեին սեփական ֆուտբոլային թիմ։

Խիստ չափանիշներ էին գործում նաև ընդունելության փուլում, որտեղ առանցքային էր ֆիզիկական առողջությունը։ Կանոնադրության համաձայն՝ հոգևոր դասին պատրաստվող թեկնածուն պետք է լիներ ֆիզիկապես անթերի և առողջ․ արգելվում էր ընդունելության հայտը բավարարել, եթե դիմորդը կաղ էր, խուլ կամ կույր։ Պահանջներն այնքան խստապահանջ էին, որ առողջական չնչին խնդիրը կարող էր մերժման պատճառ դառնալ․ արխիվային փաստաթղթերում պահպանվել է դեպք, երբ դիմորդի ընդունելությունը մերժվել է միայն աչքի վրա փոքրիկ բիծ ունենալու պատճառով։ Ընտրության խստությունը պայմանավորված էր վանական կյանքի դժվարություններին դիմանալու անհրաժեշտությամբ։

«Սրբազան վրեժ». ինչպես Ժառանգավորաց վարժարանում ցեղասպանությունը վերապրած որբերից կերտեցին հոգևոր նոր առաջնորդներ
Վարժարանում (լուսանկարը՝ Ա․ Խաչատրյանի արխիվից)

Ուսանողների համակողմանի դաստիարակության կարևոր մաս էին կազմում էքսկուրսիաներն ու ամառային հանգիստը Պաղեստինի գեղատեսիլ և պատմական վայրերում, ինչպիսիք են Նազարեթը, Բեթղեհեմը և Կարմել լեռը։ Այս ուղևորությունները ոչ միայն ճանաչողական բնույթ էին կրում, այլև հնարավորություն էին տալիս ուսուցիչներին հայրենասիրական զրույցների ու ազգային երգերի միջոցով սաների մեջ ազգի ու հայրենիքի նկատմամբ սեր և նվիրվածություն սերմանելու։

«Թվում է, թե եկեղեցական դպրոց է, և ուրեմն այստեղ պետք է հետևեին շատ խիստ եկեղեցական կարգուկանոնին։ Իհարկե, դա այդպես էլ կար, որովհետև մինչև օրս էլ Ժառանգավորաց վարժարանի սաները հետևում են այդ խիստ կանոններին։ Այնուամենայնիվ, Բրիտանական մանդատի շրջանում բրիտանացի իշխանավորները, մասնավորապես՝ Պաղեստինի բրիտանական բարձր հանձնակատար Հերբերթ Սամուելն ու մանավանդ Երուսաղեմի կառավարիչ Ռոնալդ Սթորսը, փորձում էին արդիականացնել Երուսաղեմ քաղաքը։ Երուսաղեմը, և ընդհանուր առմամբ Պաղեստինը այս շրջանում թևակոխեցին արդիականացման հսկայական մի փուլ, որտեղ մեծապես ներառված էին նաև արևմտյան մշակութային արժեքները։ Այս համատեքստում Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում նույնպես տեղ պիտի գտնեին սպորտային կյանքն ու, օրինակ, էքսկուրսիաները»։

Կրթությունը՝ ազգային գոյատևման երաշխիք

Ամփոփելով՝ հեղինակը համոզմունք է հայտնում, որ եթե Եղիշե Դուրյանի նախաձեռնությամբ  չիրականացվեր «Սրբազան վրեժի» ծրագիրը, 20-րդ դարում Հայ եկեղեցու պատմությունը կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ։ Նրա գնահատմամբ, Հայոց ցեղասպանությունից հետո հենց այս վարժարանն էր, որ պիտի դառնար հոգևոր-կրթական մի այնպիսի կենտրոն, որտեղից պետք է դուրս գային  պատրիարքներ, թեմակալ առաջնորդներ, գիտնականներ և կրթական բազում գործիչներ։

«Եթե նույնիսկ մի ողջ հոգևորական և մտավորական սերունդ է ոչնչացվել, բայց դու պատրաստ ես կրթության միջոցով նորից վերականգնել քո շարքերը և առաջ շարժվել, ապա, կարելի է ասել, դու անպարտելի ես։ Քեզ կարող են սպանել, բայց չեն կարող հաղթել»։


Այսօր էլ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը շարունակում է իր գործունեությունը՝ պահպանելով մոտ երկուդարյա կրթական և հոգևոր ավանդույթները։ Խաչատրյանի համոզմամբ՝ Ժառանգավորաց վարժարանի պատմությունը կարևոր ուղերձ ունի նաև մեր օրերի Հայաստանի և սփյուռքի համար։ Նրա խոսքով՝ նույնիսկ ամենածանր ազգային աղետից հետո վերածննդի գլխավոր ճանապարհը կրթությունն ու գիտությունն են։

Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի

Կարդացեք նաև  «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Հայկական խաղողի սորտերի խայտաբղետ գենոմիկան․ հազարամյակների պատմություն խաղողի ողկույզներում | Հանրագիտ»

«Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։