Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա | shantnews.am

Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա | shantnews.am

shantnews.am Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա։ Որոշումը կայացվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ  մասերի պահանջների համաձայն Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք սահմանելու և այդ հաստիքին հավատարմագրում և նշանակում իրականացնելու անհրաժեշտությամբ:

 Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 1992 թվականին Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 34 տարիների ընթացքում Հայաստան-Լեհաստան միջպետական հարաբերությունները զարգացել են անշեղորեն:

«Երկու պետությունների միջև գոյություն ունեն ամուր միջպետական հարաբերություններ, քաղաքական երկխոսության աճող մակարդակ, ակտիվ  միջխորհրդարանական համագործակցություն, իրավապայմանագրային հագեցած դաշտ, փոխգործակցություն բազմակողմ հարթակներում, ինչպես նաև տնտեսության, կրթության, մշակույթի, միջտարածաշրջանային համագործակցության և այլ բնագավառներում:

Հայաստան-Լեհաստան հարաբերություններում կարևոր բաղկացուցիչ է հանդիսանում համագործակցությունը պաշտպանության ոլորտում, որի համար հիմք է  հանդիսանում 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաև Վարշավայում 2026թ. փետրվարի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է ավելի ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Լեհաստանի Հանրապետության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, և Լեհաստանում ՀՀ ռազմական կցորդի առկայությունը ևս մեկ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության խորացման համատեքստում:

Լեհաստանի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում նախադրյալ են հանդիսանում երկու պետությունների միջև ձևավորելու պաշտպանության ոլորտում կապեր՝ զարգացնելով և խորացնելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը, մասնավորապես՝ հիմքեր ստեղծելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ռազմատեխնիկական ոլորտում կառուցողական փոխգործակցության ձևավորման և հետագա ընդլայնման համար:

Ներկայումս պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը ներառում է հրահանգիչների պատրաստության, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության, կին զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ոլորտները, ինչպես նաև ներքին աուդիտի և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման ոլորտներում փորձի փոխանակումը, իսկ հետագայում համագործակցությունը կարող է ընդգրկել նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում պարբերաբար անցկացվող երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, ինչպես նաև գործող ծրագրերի շրջանակներում ռազմական համագործակցության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղությունները, մասնավորապես՝ ռազմական կրթության, արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստության, անձնակազմի մարտական պատրաստության, ռազմական բժշկության, տարբեր մասնագիտական ուղղություններով փորձի փոխանակման ոլորտները և այլ ծրագրեր:

Հետևաբար, երկու երկրները պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն: Ուստի, պաշտպանության ոլորտում առկա  համագործակցության մեծ ներուժը և լեհական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված Լեհաստանի Հանրապետությունում ունենալ Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ: Ավելին, Հայաստանը մեծապես կարևորում է Լեհաստանի հետ երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Եվրոպական միության միջև:

Ռազմական կցորդի առկայությունը Լեհաստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև համագործակցությունը ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բնագավառում: Լեհաստանում հավատարմագրված ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում  նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: Ռազմական կցորդը, հյուրընկալ պետության զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի  զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական  ներկայացվածությունը, ինչպես նաև կայցելի ռազմաուսումնական հաստատություններ, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ  և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն  կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ»,- նշված է հիմնավորման տեքստում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն