azatutyun.am «Քաղաքական խնդիրը հետևյալն է՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պիտի հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչո՞ւ, որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ ինչ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ պետք է վերադարձվի ՀՀ-ին ու նրա ժողովրդին: Ուրիշ տարբերակ չկա, եթե սա տեղի չունենա, նշանակում է՝ նոր հեղափոխություն պետք է տեղի ունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն այսօր անդրադառնալով Քոչարյանների ընտանիքի շուրջ ծավալվող իրադարձություններին, քրեական գործերին, ասաց.
«Ոչ մեկ հարց չի տալիս՝ էդ միլիարդները Ռոբերտ Քոչարյանին որտեղի՞ց: Ասում ա՝ բիզնեսով ենք զբաղվում, ո՞ւմ եք ձեռք առնում, իրանք տենց ուժեղ բիզնեսմեն են, մենք էլ չե՞նք կարողանում ոչ մեկի ձեռքից ոչ մի բան խլենք»:
Խորհրդարանում այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավորներն անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշմանը, այն որակել են ոչ թե արդարադատություն, այլ «Փաշինյանի բռնակալության» դրսևորում: Ընդդիմադիրների խոսքով՝ Փաշինյանի հրահանգով դատվում են բոլոր նրանք, ովքեր դեմ են արտահայտվում իր քաղաքական կուրսին: