hetq.am «Սրբազան պայքար»-ի գործով մեղադրյալ Տիգրան Գալստյանն այսօրվա՝ օգոստոսի 27-ի դատական նիստին չէր ներկայացել։ Նրա պաշտպանը հայտնեց՝ Գալստյանը հնարավորություն չունի դատական նիստին ներկայանալու, քանի որ նրա տանը խուզարկություն է իրականացվում։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը հայտնեց՝ քանի որ չներկայանալու մասին դատարանին նախապես տեղյակ չի պահվել, մեղադրյալի վարքագիծը կարող Է որակվել որպես ոչ հարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։
«Այդուհանդերձ, քանի որ չգիտենք հիմնական պատճառների մասին, չենք շտապի գնահատականներ տալ»,- ասաց նա՝ հայտնելով, որ մեղադրյալի բացակայության պարագայում դատական նիստը շարունակվել չի կարող։
Դատարանը որոշեց նիստը հետաձգել, քանի որ մեղադրյալներից մեկը դատական նիստին ներկա չէ։
Այս դատական նիստին հրավիրվել էին «Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 7 փորձագետներ, որոնք մինչ այս ներկայացրել էին փորձաքննության արդյունքներ հայտնաբերված զենքերի վերաբերյալ, որոնք, ըստ մեղադրանքի կողմի, վերաբերում են այս գործին։
Հաջորդ դատական նիստին նրանք նույնպես կհրավիրվեն դատարան։ Այն նշանակվել է սեպտեմբերի 3-ին։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։