azatutyun.am «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատասխանատվությամբ կատարում է իր պարտավորությունները և ավելի քան 30 միլիարդ ռուբլու ներդրումներ է իրականացրել, այդ թվում՝ շարժակազմի թարմացման ուղղությամբ։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Երևանի պնդումները, թե ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանին միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև պնդել է, որ Հայաստանի ղեկավարությանը «շանտաժի են ենթարկում»՝ պահանջելով վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում՝ դրա դիմաց խոստանալով ներդրումներ և մասնակցություն նոր նախագծերի։ Զախարովան նաև հայտարարել է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել ռուսական կոնցեսիայից՝ դրա դիմաց ներդրումներ և նոր նախագծերին միանալու հնարավորություններ ստանալու պայմանով, ապա «թող սկզբում ինչ-որ բան ստանա, և հետո միայն հրաժարվի ինչ-որ բանից»։