«Նուբարաշեն» ՔԿՀ–ում դատապարտյալների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ, մեկի մոտ եղել է սալջարդ, ծեծ չի եղել. ՔԿԾ պարզաբանումը | news.am

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում դատապարտյալների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ, մեկի մոտ եղել է սալջարդ, ծեծ չի եղել. ՔԿԾ պարզաբանումը

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում դատապարտյալներին ծեծի ենթարկելու լուրի վերաբերյալ։

Պարզաբանման մեջ ասվում է. «Օգոստոսի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, խցերից մեկում խուզարկություն իրականացնելիս, դատապարտյալներից մեկի մոտ նկատել են կասկածելի փաթեթ:

Խուզարկությունը խոչընդոտելու նպատակով խցում պահվող դատապարտյալները ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել։ Դատապարտյալներից մեկը հարվածել է ծառայողներից մեկի դեմքին և կասկածելի փաթեթը գցել սանհանգույցի կոյուղատարի մեջ։

Դատապարտյալների անհնազանդության, դիմադրության և ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու պայմաններում օրենքով սահմանված կարգով նրանց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ։

Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել։ Դատապարտյալներից մեկը ոտքի շրջանում ցավեր է ունեցել, հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ արձանագրվել է սալջարդ, նույն օրը վերջինս վերադարձվել է ՔԿՀ։ Խցում գտնվող այլ ազատազրկված անձանց մոտ որևէ տեսակի մարմնական վնասվածք առկա չի եղել։

Իրականացված խուզարկության արդյունքում խցի տարբեր հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող, մոտ 32 մլգ հեղուկ զանգվածներով սրվակներ, 5 բջջային հեռախոս, 9 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք, ինչպես նաև դեղահաբեր, այդ թվում՝ անհայտ ծագման։

Դեպքի, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի նկատմամբ իրականացված բռնության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն