armenpress.am ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հեռացրել են Հորմուզի նեղուցում միջազգայնորեն ճանաչված տարանցիկ ուղիների երկայնքով գտնվող իրանական բոլոր ծովային ականները։
Օգոստոսի 27-ի երեկոյան X սոցիալական հարթակում տեղադրված տեսանյութում CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը նշել է, որ «ԱՄՆ զինված ուժերը կարևոր նվաճման են հասել Հորմուզի նեղուցում»։
«Մենք հաջողությամբ մաքրել ենք նեղուցի միջազգային նավագնացության ուղիներում գտնվող ծովային ականները, որոնք ամիսներ առաջ տեղադրվել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։ Նեղուցում միջազգայնորեն ճանաչված տարանցիկ ուղիները զերծ են իրանական ծովային ականներից՝ շնորհիվ ԱՄՆ զինված ուժերի անհավանական աշխատանքի», – հավելել է Քուփերը։
Նրա խոսքով՝ ծովային ականների հեռացումից հետո նեղուցով նավերի տեղաշարժն, ամենայն հավանականությամբ, պակաս սահմանափակված կլինի։
Իրանի դեմ փետրվարի 28 ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած պատերազմին հաջորդող վեց ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցով նավագնացությունը խիստ սահմանափակվել է, ինչը հանգեցրել է նավթի և գազի գների բարձրացման։
Հունիսին Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի խախտումից և մի քանի օրով ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԱՄՆ-ն հուլիսին հայտարարել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը վերսկսելու մասին։ Իրանն էլ հայտարարել է, որ փակել է Հորմուզի նեղուցը և թույլ չի տալիս այնտեղով անցնել այն նավերին, որոնք իր հետ նախապես չեն համաձայնեցրել ջրային ուղով անցումը։