Հայաստանում դպրոցներ չեն փակվում, կառուցվողներն էլ ուշանում են. ի՞նչ փուլում է «300 դպրոց» ծրագիրը
2023 թվականին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) սկսեց «300 դպրոց» ծրագիրը՝ խոստանալով մինչև 2026 թվականը կառուցել 300 դպրոց։ 4 օրից հազարավոր աշակերտներ չեն կարողանա ուսումնական տարին դիմավորել նորակառույց դպրոցներում, որովհետև ծրագրով սահմանված դպրոցներից 128-ի կառուցումը դեռ չի ավարտվել։
Սրան զուգահեռ, 2026 թվականի սկզբին Ազգային կրթության խորհուրդն ահազանգեց շուրջ 229 դպրոցների հավանական փակման մասին։ ԿԳՄՍՆ-ը հերքեց լուրը և միաժամանակ տեղեկացրեց 300 դպրոցների կառուցման ծրագրի մասին։
«Ինֆոքոմն» ուսումնասիրել է, թե ինչ փոփոխություններ են նախատեսվել 2023 թվականին սահմանված ցանկի դպրոցներում, որ փուլում է կառուցվող 300 դպրոցների ծրագիրը, և շենքային ինչ խնդիրների մասին են բարձրաձայնում մասնագիտական կառույցները։
14 դպրոցի փակման որոշում 7 տարում
2023 թվականին ԿԳՄՍՆ-ը սահմանել էր կրթական որակյալ ծառայությունների ապահովման ցանկ, որում ներառված էին 232 դպրոցներ։
2026 թվականի սկզբին «Ազգային կրթության խորհուրդն» ահազանգել էր այդ դպրոցների՝ այս տարվա սեպտեմբերին փակման մասին։ Նախարարությունը, սակայն, հերքել էր նշելով, որ որևէ դպրոց չի փակվելու։
«Ինֆոքոմի» հարցմանն ի պատասխան, նախարարությունը պարզաբանել է, որ ցանկում ներառված 229 (նախարարի հրամանի մեջ փոփոխություն է տեղի ունեցել) դպրոցներում 3 տարի առաջ նախատեսվել են ֆինանսական մեթոդաբանության փոփոխություններ, և դրանք փակելու հարց չի քննարկվել։ Այդ դպրոցներում ֆինանսավորումն իրականացվում է ըստ աշակերտների թվի։ Հանրակրթական մյուս դպրոցներում ֆինանսավորվումը հաշվարկվում է դասարանների քանակին համապատասխան։
Նախարարությունից մեզ հայտնել են նաև, որ յուրաքանչյուր դպրոցի փակման համար Կառավարությունն առանձին որոշում է կայացնում։ ԿԳՄՍՆ-ի՝ «Ինֆոքոմին» տրամադրած տվյալներով՝ 2018-2025թթ.-ին կայացվել է նման 14 որոշում, այսինքն՝ փակվել է 14 դպրոց։ Այդ դպրոցները հիմնականում կա՛մ միավորվել են այլ դպրոցների հետ, կա՛մ փոխել կարգավիճակը (օրինակ՝ Նոյեմբերյանի ավագ դպրոցը վերանվանվել է վարժարան, կամ Ոսկետափի ավագ ու հիմնական դպրոցները միավորվել են՝ դառնալով միջնակարգ դպրոց)։
Որտե՞ղ սովորել. 128 դպրոց դեռ կառուցվում է
Սրան զուգահեռ՝ Կառավարությունը շարունակում է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագիրը, որը, ըստ նախնական որոշման, պետք է ավարտվեր մինչև 2026 թվականը։ Սակայն 128 դպրոց դեռ կառուցման փուլում է։
Ըստ նախարարության՝ նախնական սահմանված 300 դպրոցներում շինարարությունը կավարտվի 2026 թվականի դեկտեմբերի 30-ին, իսկ որոշման մեջ ավելացած մյուս դպրոցներն արդեն կներառվեն դպրոցաշինության 2027 թվականի ծրագրում։
Ծրագրի համաձայն՝ Սյունիքում կառուցվելու են ամենաշատ դպրոցները՝ 39։ Սյունիքին հաջորդում են Երևանը, Լոռին ու Շիրակը։ Իսկ Վայոց ձորում կկառուցվեն թվով ամենաքիչ դպրոցները՝ 11-ը։
100-ից ավելի դպրոց էլ նորոգվելու է։ Ամենաշատը՝ Շիրակում՝ 29 դպրոց և Լոռիում՝ 22։
Մնացած մարզերում վերանորոգվող դպրոցների թիվը համեմատաբար ավելի քիչ է։ Օրինակ՝ Արարատում ու Երևանում վերանորոգվելու է 6-ական դպրոց։
Նոր դպրոցներ՝ հին խնդիրներով
Նոր դպրոցների կառուցմանը զուգընթաց շարունակվում է քննարկվել կրթական ոլորտի խնդիրները։
2025 թվականին «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» հետ զեկույց էր հրապարակել՝ վերլուծելով հանրակրթության բարելավմանն ուղղված ծրագրերն ու վերհանել եղած խնդիրները։
Զեկույցն ընդգծում է դպրոցների մատչելիության խնդիրը. Հայաստանում 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կա մինչև 18 տարեկան մոտ 6000 հաշմանդամություն ունեցող մարդ, և շատ դպրոցներ չեն համապատասխանում ներառականության պահանջներին։ Թեև 300 դպրոց ծրագիրը նախատեսում է նաև ֆիզիկական մատչելիության ապահովում՝ նշվում է, որ ձեռնարկվող քայլերը «դանդաղ են ու ոչ համակարգային»։
Հիմնադրամի փորձագետներն առանձնացնում են նաև ճաշարանների ենթակառուցվածքային խնդիրները. դրանք նախատեսված չեն բոլոր աշակերտների համար, անվճար ճաշարան գնալու հնարավորություն ունի միայն մինչև 5-րդ դասարանի մոտ 112 000 աշակերտ։ Սա, ըստ մասնագետների, անհավասար պայմաններ է ստեղծում։ «300 դպրոց» ծրագրով Կառավարությունը նախատեսում է ճաշարանների արդիականացում։
Զեկույցը նաև խնդրահարույց է համարում համապատասխան մոնիթորինգային գործիքների բացակայությունը։ Օրինակ՝ դեռևս չկա որևէ մեխանիզմ, որը կստուգի և կվերահսկի, թե կոնկրետ դպրոցում ինչպես է ապահովվում շենքերի ֆիզիկական մատչելիությունը։
Դպրոցներ չեն փակվելու՝ վստահեցնում է նախարարությունը։ Միևնույն ժամանակ մի քանի օրից ծրագրի դպրոցների մոտ 42%-ի աշակերտները դասի են գնալու մշակույթի տներում կամ դպրոցների հին շենքերում։
Հեղինակ`
Անի Խաչատրյան
Մենթոր-խմբագիր`
Տաթև Խաչատրյան