Գյումրիում կայացել է ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովը

Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը

Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովն այս տարի առանձնահատուկ է՝ պայմանավորված երկու հանգամանքով, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը Գյումրիում անցկացվող հավաքի բացման խոսքում: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

«Առաջին՝ աշխատաժողովն անցկացվում է խորհրդարանական ընտրություններից հետո և նոր իրողությունների պայմաններում, ասել է Միրզոյանը՝ ընդգծելով ՀՀ արտաքին քաղաքականության շարունակականությունը Հայաստանի շուրջ խաղաղ և համագործակցային միջավայրի հետևողական ձևավորման, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և գործընկերությունների զարգացման գործում։

Անդրադառնալով երկրորդ առանձնահատկությանը՝ նախարարն ընդգծել է գործընկերությունների օրակարգում միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ։

ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձներով հանդես են եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ելույթով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աշխատաժողովի մեկնարկին ներկա են եղել նաև ԱԺ պատգամավորներ և Կառավարության անդամներ։

Վարչապետն իր ելույթում անդրադարձ է կատարել Կառավարության ծրագրում արտացոլված արտաքին քաղաքական առաջնահերթություններին և դրանց կյանքի կոչման հարցում ԱԳՆ և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարությանը։ Փաշինյանը նշել է, որ նախարարության անվան փոփոխության (Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն. – խմբ. ) հիմքում ընկած է հստակ հայեցակարգ՝ միտված արտաքին քաղաքականության մեջ տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով կոնկրետ արդյունքների ապահովմանն ու բարեկեցության ավելացմանը։

Ելույթին հաջորդել է քննարկում․ վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն