Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու | factor.am

Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու

Հայաստանում օգոստոսի 29-ից մեկնարկել է 2026–2027 թվականների սիրողական որսաշրջանը։ Շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանվել են որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները։ Էկոպարեկային ծառայությունը հայտարարել է, որ որսաշրջանի ընթացքում խստորեն վերահսկելու է որսի օրինականությունն ու սահմանված կանոնների պահպանումը։

«Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 29-ին մեկնարկել է 2026–2027 թվականների սիրողական որսաշրջանը։

Շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանվել են 2026–2027 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները։

Էկոպարեկային ծառայությունն իրականացնում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ու հսկողությունը։ Որսաշրջանի ընթացքում ծառայությունն առանձնահատուկ խստությամբ հսկելու է որսի օրինականությունն ու սահմանված կարգի պահպանումը։

Էկոպարեկային ծառայությունը խստորեն հորդորում է որսորդներին պահպանել որսի սահմանված բոլոր կանոններն ու պահանջները։ Պատասխանատվությունից չեն խուսափելու նաև այն անձինք, ովքեր ունեն որսի թույլտվություն, սակայն խախտում են սահմանված կարգը, ժամկետները, վայրերը կամ որսի այլ պահանջներ։ Որսի թույլտվությունը չի ազատում որսորդին օրենքով սահմանված կանոնները պահպանելու և դրանց խախտման դեպքում պատասխանատվության ենթարկվելու պարտականությունից։

Ապօրինի կամ սահմանված կանոնների խախտմամբ իրականացված որսի յուրաքանչյուր դեպք կարձանագրվի, իսկ իրավախախտները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։

Որսի կանոնների պահպանումը ոչ միայն օրենսդրական պահանջ է, այլև վայրի կենդանիների, կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանության կարևոր նախապայման։ Էկոպարեկային ծառայությունը ողջունում է բոլոր իրավագիտակից և պատասխանատու որսորդների պատրաստակամությունը՝ հետևելու սահմանված կանոններին, պահպանելու որսի կարգն ու ժամկետները և իրենց պատասխանատու վարքագծով նպաստելու բնության պահպանությանն ու էկոհամակարգերի հավասարակշռության ապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն