azatutyun.am Բելգիան կրկին արգելափակել է Ռուսաստանի՝ ԵՄ տարածքում գտնվող սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու ծրագիրը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալությունը՝ բելգիական աղբյուրները վկայակոչելով։
«Այս հարցը քննարկման ենթակա չէ», – այսօր հայտարարել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը՝ կոչ անելով ռուսական սառեցված ակտիվների բռնագանձման թեման արծարծող պետություններին զերծ մնալ նման քայլից։
«Բալթյան պետությունները, պարբերաբար այս թեման օրակարգ մտցնելով և մեզ դժվարին կացության մեջ դնելով, պետք է շատ զգույշ լինեն։ Լիտվան, Լատվիան և Էստոնիան չպետք է մոռանան, որ զգալի աջակցություն են ստանում Բելգիայից», – հայտարարել է Ֆրանկենը։
Պաշտոնական Բրյուսելը ընդդիմանում է ռուսական սառեցված ակտիվների՝ Կիևի օգտին բռնագանձմանը, քանի որ դրանց գրեթե 90 տոկոսը պահ է տրված Բելգիայի տարածքում գործող Euroclear հիմնադրամում։
Բելգիայի կառավարությունը նշում է, որ իր տարածքում գրանցված կազմակերպության միջոցների առգրավումը կհակասի միջազգային իրավունքի նորմերին և կարող է ծանր իրավական հետևանքներ ունենալ երկրի համար՝ մասնավորաբար Ռուսաստանի կողմից ներկայացվող արբիտրաժային հայցերի տեսքով։