Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը | shantnews.am

Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը

Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել նորանոր հաջողություններ: Նա կարևորել է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերի զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա ու կընդլայնվի:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ գոհունակությամբ նշելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Միաժամանակ, վարչապետը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Երկու երկրների ղեկավարները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և զարգացումներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն