Այն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին | 1lurer.am

Այն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար:

«Այստեղ և՛ Ձեր անձնական ներդրումը կա, և՛ դեսպանատան, և՛ իհարկե ամենակարևորը՝ մեր երկու երկրների ղեկավարների մտերմիկ, ջերմ, անձնական հարաբերությունները: Մենք չենք կարող սա մոռանալ, որովհետև, իրականում, այն, ինչը տեղի ունեցավ 2022 թվականին, Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, դա հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է: Այն վերջնական գիտակցումն էր, որ մենք պետք է լինենք ինքնիշխան, ինքնուրույն որոշումներ ընդունենք, մարտահրավերներին պատրաստ լինենք, և այդտեղ նաև կար Ֆրանսիայի բացարձակ աջակցությունը»,- նշել է նախագահը:

Նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևոր է համարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2022 թվականից հետո սկսված գործակցությունը անվտանգության և պաշտպանության բնագավառում:

Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին փոխանցելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարեմաղթանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բազմաշերտ և դինամիկ զարգացող համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանին և ընդգծել, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր ուղղություններ։ Այս համատեքստում կարևոր է համարվել հատկապես պաշտպանական և տնտեսական ոլորտներում համագործակցության առաջմղումը, ինչպես նաև առկա հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։

Անդրադառնալով հայ-ֆրանսիական համագործակցության լայն շրջանակին՝ ընդգծվել է ապակենտրոնացված համագործակցության արդյունավետությունը։ Նշվել է, որ համայնքների և տարածաշրջանների միջև ձևավորված կապերը կարևոր դեր ունեն երկու երկրների միջև գործընկերության խորացման, նոր նախաձեռնությունների ձևավորման և համագործակցության օրակարգի ընդլայնման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, համագործակցության նոր ուղղությունների ձևավորմանն ու առկա ներուժի իրացման հնարավորություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն