arm.sputniknews.ru Բիշքեկում ընթացող գագաթնաժողովի արդյունքներով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների առաջնորդները ուրվագծել են ընդհանուր մոտեցումները միջազգային անվտանգության, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի, համաշխարհային ֆինանսական համակարգի բարեփոխման, ինչպես նաև արդյունաբերության, էներգետիկայի և թվային առևտրի զարգացման վերաբերյալ։ Հիմնական դիրքորոշումները ամրագրված են ՇՀԿ-ի 25-ամյակի տարում ընդունված Բիշքեկի հռչակագրում։
Միջազգային անվտանգություն և Իրան
ՇՀԿ-ն ռազմաքաղաքական դաշինք չէ և ուղղված չէ այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների դեմ: Միևնույն ժամանակ, կազմակերպությունը հայտարարել է իր պատրաստակամության մասին զարգացնելու համագործակցությունն այն երկրների և միավորումների հետ, որոնց գործունեությունը «ուղղված չէ ՇՀԿ-ի և դրա անդամ պետությունների շահերի դեմ»:
Գագաթնաժողովի մասնակիցները կարծում են, որ ՇՀԿ-ի շրջանակներում փոխգործակցությունը կարող է հիմք դառնալ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության տարածք ձևավորելու համար:
Կազմակերպության երկրները փաստել են միջազգային բարդ իրավիճակի պահպանումը՝ պայմանավորված շարունակվող հակամարտություններով, համաշխարհային շուկաների անկայունությամբ, էներգետիկ և պարենային մարտահրավերներով, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ:
Կենտրոնական միջազգային հարցերից մեկն է դարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Գագաթնաժողովի մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում և Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
ՇՀԿ երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և հանդես եկել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով հակամարտության կարգավորման օգտին: Գագաթնաժողովի մասնակիցները նաև ցավակցություն են հայտնել Իրանին երկրի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։
Հռչակագրում ամրագրված է անվտանգության անբաժանելիության սկզբունքը. ՇՀԿ երկրները անընդունելի են որակել առանձին երկրների կողմից ուրիշների հաշվին սեփական անվտանգությունն ապահովելու փորձերը։
Միջուկային անվտանգություն, ՀՀՊ և տիեզերք
Պայմանավորվածությունների զգալի մասն առնչվում է սպառազինության և ռազմավարական կայունության նկատմամբ վերահսկողությանը։
ՇՀԿ երկրները հայտարարել են, որ առանձին պետությունների կամ ռազմաքաղաքական դաշինքների կողմից հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգերի անսահմանափակ ընդլայնումը բացասաբար է ազդում միջազգային անվտանգության և կայունության վրա։
Կազմակերպության մասնակիցները հանդես են եկել նաև տիեզերքում սպառազինության մրցավազքին վերջ դնելու օգտին։ Նրանք անհրաժեշտ են համարում իրավաբանորեն պարտադրող միջազգային փաստաթղթի ընդունումը, որը համապատասխան երաշխիքներ կապահովի և կբարձրացնի տիեզերական տարածքում պետությունների գործունեության թափանցիկությունը։
Միևնույն ժամանակ ՇՀԿ երկրները կողմ են հանդես եկել ցանկացած զենքից տիեզերքի ազատության պահպանմանը և դրա օգտագործմանը բացառապես խաղաղ նպատակներով։
Պայքար ահաբեկչության և թմրանյութերի հետ
Ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու հարցերում ՇՀԿ–ն ընդգծել է պետությունների և դրանց իրավասու մարմինների առաջատար դերը։
Համագործակցության ևս մեկ ուղղություն է դառնալու թմրանյութերի դեմ պայքարը։ Առաջնորդները հաստատել են մինչև 2030 թվականը թմրանյութերից կախվածության դեմ պայքարի հարցում փոխգործակցության ծրագիրը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում