arm.sputniknews.ru Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ Երևանի քաղաքային իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել։ Շենգավիթ վարչական շրջանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց բնակիչներից մեկը։
«Ասեցին՝ ապրեք էնքան, մինչև ձեզ չապահովենք կացարանով։ Մոտիկացեք, դիմումներ գրեք»,- ասաց նա։
Թե որտեղ է կացարանը լինելու, բնակիչներին հայտնի չէ, առայժմ պետք է դիմումներ գրեն ու սպասեն։
Իրենց հերթին բնակիչներն էլ համաձայնել են՝ հետևելու են, որ տարածքում շինաղբ չթափվի։ Միաժամանակ նրանք հերքում են վարչական շրջանի ղեկավարի մեղադրանքները, թե թույլ են տվել գումարի դիմաց տեղում շինարարական աղբ թափել։
Հիշեցնենք՝ օգոստոսի 28-ին Շենգավիթի թաղապետարանից եկել են և մի քանի տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդտեղ։
Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։
Օգոստոսի 31ին Շենգավիթի թաղապետարանից ոստիկանների ուղեկցությամբ են եկել՝ տրակտորներով քանդելու տնակները։ Տեղում քաշքշուկ էր առաջացել, իրավիճակը լարվել էր։ Բնակիչները մանկասայլակներով փակել էին դեպի տնակներ տանող ճանապարհը ու չեն թողել մոտենալ տներին։