ՀՀ նախագահը և Հնդկաստանի Ազգային պաշտպանության քոլեջի ղեկավարը բարձր են գնահատել պաշտպանական ոլորտում երկու երկրի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը | 1lurer.am

ՀՀ նախագահը և Հնդկաստանի Ազգային պաշտպանության քոլեջի ղեկավարը բարձր են գնահատել պաշտպանական ոլորտում երկու երկրի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի Ազգային պաշտպանության քոլեջի ղեկավար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և ընդգծել Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և համագործակցության շրջանակների ընդլայնման կարևորությունը։

«Ձեր այցը նշանակում է, որ հետագայում իսկապես կարող ենք ավելի մեծացնել մեր երկրների միջև եղած համագործակցության շրջանակները։ Որևէ կասկած չկա Հայաստան-Հնդկաստան բարեկամական կապերի ապագայի հարցում։ Դրանք ունեն նաև քաղաքակրթական բովանդակություն և պատմություն։ Վերջին տարիներին երկկողմ հարաբերություններն առանձնահատուկ բովանդակություն են ստացել, և վստահ եմ, որ դա շարունակական է լինելու։
Հնդկաստանը վստահելի գործընկեր է և առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գործունեության մեջ»,– ասել է նախագահը։

Մանիշ Կումար Գուպտան շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության, հանդիպման հնարավորության և ջերմ խոսքերի համար։

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել պաշտպանական ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման առկա ներուժը։

Կողմերն ընդգծել են նաև բազմակողմ ուղղություններով համագործակցության կարևորությունը՝ առանձնացնելով բժշկության, դեղագործության, արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում ձևավորված արդյունավետ փոխգործակցությունն ու նոր հնարավորությունների զարգացման անհրաժեշտությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման կարևորության շուրջ։ Ընդգծվել է, որ ուղիղ թռիչքների իրականացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել երկու երկրների միջև գործարար, զբոսաշրջային, կրթական և մարդկային կապերի ընդլայնման համար։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը և այդ ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությանը։ Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցության, փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների առաջմղումը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17)։ Ընդգծվել է համաժողովի կարևորությունը գլոբալ բնապահպանական մարտահրավերների հաղթահարման և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբման տեսանկյունից։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Հնդկաստանի՝ այս ոլորտում ունեցած հարուստ փորձն ու փորձառությունը և հույս է հայտնել, որ Հնդկաստանը համաժողովին իր բարձր մակարդակի ներկայացվածությամբ ակտիվորեն կնպաստի դրա աշխատանքներին և օրակարգային հարցերի քննարկմանը։

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և նոր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն