azatutyun.am Ռուսաստանում, բռնակցված Ղրիմում և Հյուսիսային Կորեայում մանկական ճամբարները, ինչպես նաև ռուսական բանակի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում կրթության համար պատասխանատու պաշտոնյաները կարող են հայտնվել ԵՄ նոր պատժամիջոցների տակ, հայտնում է «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի բաժնի վերլուծաբան Ռիկարդ Յոզվյակը։ Համապատասխան փաստաթղթի պատճենը հասանելի է դարձել խմբագրությանը:
Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը, մասնավորապես, առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել «Ռադուգա» մանկական առողջության կենտրոնի դեմ, որը Ռուսաստանի նախագահի գույքի կառավարման վարչության մաս է կազմում: Հաստատությունը գտնվում է Ղրիմում: ԵՄ-ի տվյալներով՝ «Ռադուգան» ընդունում է ուկրաինացի երեխաների՝ Կիևի կողմից չվերահսկվող տարածքներից:
Երեխաների համար նախատեսված ծրագիրը ներառում է ռուսական դրոշի բարձրացման ամենօրյա արարողություն, Ռուսաստանի պատմության դասեր, ռազմական սպորտային մրցումներ և ռազմական թեմաներով էքսկուրսիաներ: ԵՄ-ն ճամբարի գործունեությունն ուկրաինացի երեխաների ձուլման և գաղափարական ինդոկտրինացիայի քաղաքականության մաս է համարում:
Նախագիծը ներառում է նաև մանկական այլ հաստատություններ, այդ թվում՝ Վլադիվոստոկի «Օվկիանոս» համառուսաստանյան մանկական կենտրոնը, Ռոստովի մարզի «Ռոմաշկա» և «Սպուտնիկ» ճամբարները, Դաղստանի «Սոլնեչնի Բերեգը», Կրասնոդարի մարզի «Վիտան» և «Սիգնալը», ինչպես նաև Ռուսաստանում և Ղրիմում գտնվող մանկական և կրթական կենտրոններ։
Բացի դրանից՝ պատժամիջոցների ցանկում առաջարկվում է ավելացնել Հյուսիսային Կորեայի Վոնսան քաղաքում գտնվող «Սոնդովոն» միջազգային մանկական ճամբարը: Փաստաթղթում այն նկարագրվում է որպես պետական հաստատություն, որը հյուրընկալում է ուկրաինացի երեխաներին բռնակցված տարածքներից: Չնայած ուղևորությունները պաշտոնապես ներկայացվում են որպես մշակութային փոխանակումներ, ԵՄ-ն գնահատում է, որ այնտեղ գտնվող երեխաները ենթարկվում են ռուսամետ քարոզչության և ներգրավված են ռազմականացված ուսուցման տարրեր պարունակող գործողություններում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում