Գագիկ Խաչատրյանը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման․ փաստաբանական թիմ

Գագիկ Խաչատրյանը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման․ փաստաբանական թիմ

Ցավով արձանագրում ենք, որ Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են։ Այս մասին հայտրարություն է տարածել Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը։

Փաստաբանական խմբի գնահատմամբ՝ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման։

«Միայն վերջին երեք ամիսների ընթացքում նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների։ Չնայած նրա առողջական ծայրահեղ ծանր վիճակին՝ գործողությունները շարունակվում են օրեր շարունակ՝ պատճառելով ֆիզիկական ծանր տառապանք։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի մոտ դեռևս 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք Հայաստանի բժշկական հաստատություններում չեն կիրառվում։ Բժիշկների և դատաբժշկական փորձագետների եզրակացությունների համաձայն՝ նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել համապատասխան մասնագետների, գործիքների և տեխնիկական պայմանների բացակայության պատճառով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտությունից հետո դեռևս 2020 թվականին ՀՀ իշխանություններից պահանջվել էր ապահովել Գագիկ Խաչատրյանի պատշաճ բժշկական խնամքն ու բուժումը։ Ներկայումս ՄԻԵԴ-ում քննվում են նրա անունից ներկայացված երկու դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ կյանքի իրավունքի, և 3-րդ՝ խոշտանգումների արգելքի հոդվածների հիմքով։ Դիմումները հաղորդակցվել են ՀՀ կառավարությանը։

Այս ամբողջ ընթացքում մենք գիտակցաբար զերծ ենք մնացել Գագիկ Խաչատրյանի ծանր վիճակը պատկերող կադրերի հրապարակումից՝ հարգելով նրա և ընտանիքի անդամների արժանապատվությունն ու անձնական կյանքը։ Սակայն ստեղծված իրավիճակում անհրաժեշտ ենք համարում հանրությանը ներկայացնել կատարվածը՝ ցույց տալու համար նրա նկատմամբ վերաբերմունքի իրական ծանրությունը։

Հասարակությունը կարող է դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ ցանկացած անձի նկատմամբ, սակայն մարդու հիմնարար իրավունքները պայմանավորված չեն նրա նախկին պաշտոնով, հանրային ընկալմամբ կամ առաջադրված մեղադրանքներով։ Յուրաքանչյուր մարդ ունի անօտարելի իրավունքներ և արժանապատվություն, որոնք ենթակա են պաշտպանության՝ անկախ որևէ հանգամանքից»,- նշված է հայտարարության մեջ։

 

 

image_2026-09-01_18-58-10

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն