Սահմանազատման բացակայությունը ՀԱՊԿ-ին խանգարում էր որոշել Հայաստանի պատասխանատվության գոտիները․ Պուտին | news.am

Սահմանազատման բացակայությունը ՀԱՊԿ-ին խանգարում էր որոշել Հայաստանի պատասխանատվության գոտիները․ Պուտին | news.am

news.am Հայաստանը նախկինում պնդում էր, որ ՀԱՊԿ-ն ապահովի հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածների պաշտպանությունը, սակայն համաձայնեցված և սահմանազատված սահմանի բացակայությունը թույլ չէր տալիս հստակ որոշել կազմակերպության պատասխանատվության գոտիները, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը բարձրացնում էր սահմանի առանձին հատվածների պաշտպանության հարցը, սակայն ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները մատնանշում էին նախևառաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի հստակ տեղորոշման անհրաժեշտությունը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այստեղ նույնպես առանձին պատմություն է։ Նիկոլ Վովաևիչը [Փաշինյանը], թեև ասում է՝ պետք չէ սա հիշել, <…> գտնում էր, որ ՀԱՊԿ-ը պետք է ծածկի սահմանի որոշակի հատվածներ։ Իսկ ՀԱՊԿ բոլոր անդամներն ասում են․ «Ո՛չ, դե սա բոլորովին այլ պատմություն է՝ սահմանի որոշակի հատվածներ ծածկելը»։ Սահմանազատում չկա՛։ Սահմանի վերաբերյալ որևէ պայմանագիր չկա, չի՛ եղել։ Եվ հիմա էլ չկա։ Ադրբեջանը գտնում է, որ սահմանն անցնում է ահա այս հատվածով, իսկ Հայաստանը՝ այս։ Այնտեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք իսկապես փորձագիտական գնահատական են պահանջում», — հայտարարել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ մինչ համապատասխան փաստաթղթերի ստորագրումը դեռևս բաց են մնում այն հարցերը, թե ինչպես ՀԱՊԿ-ը կարող է հարաբերություններ կառուցել հայ-ադրբեջանական սահմանի գծով։

Պուտինը հավելել է, որ ակնկալում է այս թեման Փաշինյանի հետ քննարկել Մոսկվայում։

Ավելի վաղ ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել էր մանրամասն քննարկելու ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Եվրոմիության հետ Երևանի հարաբերություններին առնչվող հարցերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն