Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ

Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ տեսանյութի տարածումից անմիջապես հետո սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

«Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ անձի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։

Այցի արդյունքների, ստացված պարզաբանումների և վերաբերելի բոլոր հանգամանքների ուսումնասիրության ամբողջական ամփոփումից հետո հնարավոր կլինի ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիրքորոշումը։

Հրապարակման ենթակա տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի լրացուցիչ», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրանը երկու ամսով կալանավորվել է։

Մինչ այդ քննչական գործողություններ են իրականացվել նրա և որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

Դատախազությունը հայտնել է, որ գլխավոր դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել։

Դատախազությունից նաև տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին ստացվել են Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները։

Փորձաքննությունների եզրակացությամբ արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատական միջամտության կարիք չի ունեցել, իսկ դրա անհրաժեշտությունը կարող է գնահատվել ՄՌՏ հետազոտությունից հետո։ Նշվում է, որ նա հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից։

Մինչդեռ պաշպանական թիմը հայտարարում է, որ Խաչատրյանի մոտ դեռևս 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք Հայաստանի բժշկական հաստատություններում չեն կիրառվում․ նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել համապատասխան մասնագետների, գործիքների և տեխնիկական պայմանների բացակայության պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն