Գարեգին Երկրորդն ու հոգևորականները աղոթել են գերիների շուտափույթ վերադարձի համար | arm.sputniknews.ru

Էջմիածնի Մայր տաճարում աղոթք է կատարվել գերիների շուտափույթ վերադարձի համար

Արցախի Անկախության օրվա առիթով այսօր Էջմիածնի Մայր տաճարում Խաղաղության աղոթք է կատարվել Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Սեպտեմբերի 2-ին Արցախի Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։

Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության համար։

Արարողության ավարտին նաև աղոթք մատուցվեց արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար»,– ասված է հաղորդագրության մեջ։

35 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։

Երեք ամիս անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության 99,89 տոկոսը կողմ է արտահայտվել Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ 44-օրյա պատերազմից երեք տարի անց Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմի հետևանքով Արցախը ամբողջությամբ օկուպացված և հայաթափված է․ իր բնօրրանից բռնի տեղահանվել է ավելի քան 120 հազար արցախցի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն