Արցախի անկախությունը միայն անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա: Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա.Կաթողիկոսի՝ Արցախի անկախության օրվա առթիվ հղված ուղերձում:
«Ազգերն անցյալին են նայում, հպարտանում անցյալի ձեռքբերումներով, գիտակցում անցյալի թերությունները, սակայն միշտ ապագան ավելի ամուր հիմքերի վրա կերտելու գիտակցությամբ, հանձնառությամբ ու տեսլականով։ Հետևաբար, անցյալը պետք չէ դառնա անցած, այլ՝ վերանորոգ հավատքով ու նպատակասլաց կամքով դեպի ապագան բացվելու և քայլելու ամուր վճռականության վերահաստատման առիթ ու հիշեցում։
Այս հայեցակետով է հարկավոր մոտենալ Արցախի Հանրապետության անկախությանը։ Ազգերի պատմության մեջ պայմանները միշտ փոփոխական են։ Աշխարհաքաղաքական շահերի դասավորվածությունը՝ միշտ հարափոփոխ։ Պետք է հեռու մնալ կաղապարված մտածողությունից, տեսական հայեցակարգերից, ինչպես նաև տվյալ ժամանակի շահերի ու մոտեցումների պարտադրանքներից։ Հավատքին միախառնելով հույսը և այն թրծելով ամուր կամքով՝ հարկավոր է քայլել դեպի ապագա։
Այսօր, երբ հետադարձ հայացքով նշում ենք Արցախի Հանրապետության անկախության օրը, առաջին հերթին եկեք հիշենք մեր բոլոր նահատակներին, որոնք իրենց արյունը թափեցին հանուն Արցախի անկախության վերականգնման։ Եկեք նաև հիշենք Արցախի անկախության առավել ամրապնդման համար գործած ու ծառայած մեր ղեկավարներին, որոնք այսօր տառապում են Բաքվի բանտերում։
Արդարև, չի բավականացնում միայն հիշելը, հարկավոր է այն վերածել պայքարի՝ հանուն Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի ҳу Rights-ների (իրավունքների) վերահաստատման և Արցախի քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման։
Ասել ենք, կրկնում ենք և միշտ պիտի ասենք, որ Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ։ Այն մեր ազգի օրակարգում առաջնահերթ տեղ պետք է գրավի՝ որքան էլ փորձենք իրապաշտության պիտակի հետևում անցյալի էջը համարել փակված։
Վա՛յ այն ազգին, որն իրեն բանտարկում է ներկա շահերի նեղ սահմաններում՝ ծածկված իրապաշտության քողի հետևում։ Պատմության թատերաբեմում մնում են այն ազգերը, որոնք իրենց ներկան տեսնում են անցյալով ամրագրված և ապագայի տեսլականով հզորացած ու առաջ են քայլում վերանորոգ հավատքով ու հույսով։
Այսպի՛սին է եղել մեր ազգը։ Ա՛յս է պատգամը Արցախի Հանրապետության անկախության։ Մնանք ականջալուր և հավատարիմ մեր պատմությունից՝ հին թե նոր, մեզ փոխանցված սրբազան պատգամներին»,- նշել է նա։
35 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։
Երեք ամիս անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության 99,89 տոկոսը կողմ է արտահայտվել Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ 44-օրյա պատերազմից երեք տարի անց Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմի հետևանքով Արցախը ամբողջությամբ օկուպացված և հայաթափված է․ իր բնօրրանից բռնի տեղահանվել է ավելի քան 120 հազար արցախցի։