Ստուգումներ և իրազեկման արշավներ ուսումնական հաստատություններում. ՔՏՀԱՏՄ 2026 թ. վերահսկողական միջոցառումների ընթացքը | 1lurer.am

Ստուգումներ և իրազեկման արշավներ ուսումնական հաստատություններում. ՔՏՀԱՏՄ 2026 թ. վերահսկողական միջոցառումների ընթացքը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, առաջնորդվելով Տեսչական մարմնի 2026 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների, կանխարգելիչ և իրազեկման միջոցառումների ժամանակացույցով, վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևան քաղաքի, ինչպես նաև Արարատի և Արագածոտնի մարզերի մի շարք հանրակրթական և նախադպրոցական հաստատություններում։

Մասնավորապես, ընթացիկ տարում Տեսչական մարմնի տարածքային բաժինների մասնագետների կողմից դիտարկվել են ինչպես մասնավոր, այնպես էլ համայնքային կառույցներ. հրդեհատեխնիկական ուսումնասիրություններ և ստուգումներ են իրականացվել Երևանում՝ «Ինչուիկ», Արարատում՝ «Արթի Սենթր» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի թիվ 3 «Հովիկ» մանկապարտեզում:

Նշված ուսումնական հաստատություններում Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործառույթների առանցքային նպատակն է եղել տեղում ապահովել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտը կանոնակարգող նորմատիվ-իրավական ակտերի ու փաստաթղթերի պահանջների անշեղ կիրարկումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հաստատություններում են կենտրոնացված մեծ թվով անչափահասներ՝ նորմերի պահպանման խիստ վերահսկողությունը դառնում է ռիսկերի նվազեցման կարևորագույն երաշխիք:

Ստուգայցերին զուգահեռ իրականացվել են նաև կանխարգելիչ-իրազեկող աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել անձնակազմի և սաների գիտելիքները հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ։

2026 թվականի ծրագրով նախատեսված այս միջոցառումները կրելու են շարունակական բնույթ՝ միտված լինելով հանրապետության կրթական կառույցներում անվտանգության խնդիրների գույքագրմանը, թերությունների վերացմանն ու ապահով միջավայրի ստեղծմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն