azatutyun.am Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում սկսել է քննել գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգելու՝ մեղադրող կողմի միջնորդությունը: Դատարանի մոտ են հավաքվել Ծառուկյանի աջակիցները: Գործարարին դատարան են բերել հետնամուտքով:
«Իրանցի երկու խարդախի պատճառով կալանավորվեց Ծառուկյանը: Հայաստանի տնտեսական հեղինակությանն է այս գործը հարված հասցրել, որ մեկ օրում խլում են գույքն ու պետականացնում ընկերությունները», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ԲՀԿ-ի առաջնորդը, ում վարչապետը դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում սպառնում էր ունեզրկվել, կալանավորվեց ընտրություններից մեկ ամիս անց: Նրան մեղադրանք առաջադրեցին առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման հոդվածներով, հետո էլ ավելացավ հարկերից խուսափելու մեղադրանքը: